Yerkir.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ստորագրել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (նախկին Նուբարաշենի հոգեբուժարանի) տնօրեն Նարեկ Վանեսյանի՝ աշխատանքից ազատման դիմումը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ի դեպ, երեկ Վանեսյանի աշխատակիցներն առողջապահության նախարարություն էին գնացել՝  Արսեն Թորոսյանից պահանջելու, որ չստորագրի Վանեսյանի՝ աշխատանքից ազատման դիմումը:

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել էր Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի միջադեպից. Հայաստանի անվանի բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կրթության և առողջապահության նախարարներին: Բժիշկներն իրենց անհանգստությունն էին հայտնել համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի կապակցությամբ: Վանեսյանը Yerkir.am-ի հետ զրույցում պարզաբանել էր ու հերքել, թե վատ պահվածք է դրսևորել, վիրավորել աշխատակազմի ղեկավարին: Բժշկական համալսարանն էլ հրապարակել էր այդ օրը կայացած միջոցառման տեսանյութից մի հատված՝ նշելով, որ պատրաստ են լրատվամիջոցներին տրամադրել ամբողջ տեսանյութը:  

Դրան հաջորդեց այն, որ ՄԻ պաշտպանը հայտարարեց, որ Վանեսյանի գլխավորած բժշկական հաստատությունում, առանց համաձայնության, պացիենտ է պահվում: Այնուհետև Վանեսյանն աշխատանքից ազատման դիմում գրեց, իսկ առողջապահության նախարարը հայտարարեց, որ բժշկականում տեղի ունեցածը սադրանք էր իր անձի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել