««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում նախատեսվում է տնտեսական ոլորտի հետ կապված նոր դատարան ստեղծել: Մասնավորապես, իշխանության ներսում մտադիր են ձևավորել Ներդրումների պաշտպանության դատարան:

Սա ստեղծվելու է վերջերս ձևավորված ու արդեն դատական համակարգում աղմուկ հանած սնանկության գործերով դատարանի փոխարեն: Հիմա ցանկություն կա, որ Ներդրումների պաշտպանության դատարանը քննի և´ սնանկության գործեր, և´ կորպորատիվ դատական վեճեր, և´ նման այլ հարցեր:

Թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունն իր առաջ խնդիր է դրել շահագրգռել օտարերկրյա ներդրողներին՝ խթանելու համար տնտեսությունը:

Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՀՀ-ում տարիներ շարունակ ներդրումների ներգրավմանը խանգարել են քաղաքական խնդիրները, այդ թվում՝ անկախ դատական համակարգի բացակայությունը, նման մասնագիտացված դատարանի ստեղծումն իրոք կարող է դրական դերակատարություն ունենալ:

Միաժամանակ, նկատենք, որ սա ամբողջական լուծում չէ. ի վերջո, ժողովրդավարության հաստատումից, մենաշնորհների վերացումից, անկախ դատական համակարգ ստեղծելուց, տնտեսական ոլորտում կանխատեսելի օրենսդրություն ունենալուց բացի կա ևս մեկ հարց` տարածաշրջանում կայունության ամրապնդումը:

Իսկ դա իր հերթին ենթադրում է հակամարտությունների, մասնավորապես` ԼՂ հիմնախնդրի լուծում: Ի վերջո, օտարերկրյա կապիտալը հենց կայունություն է սիրում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել