Տարիներ շարունակ ու բոլոր կառավարությունների կողմից հնչում է հետևյալ արտահայտությունը․ «Ներդրողներին հրավիրում ենք Հայաստան»։ Սա իրականում ոչինչ չասող արտահայտություն է, քանի դեռ դու չունես գոնե 10 ոլորտի մի 200 բիզնես ծրագիր՝ իր բոլոր հաշվարկներով, շուկայի ուսումնասիրությամբ և այլն: Քանի դեռ չեն լուծվել այս հարցերը, ամեն բան դատարկ խոսակցություն է, ասեմ ավելին՝ այս պարագայում հնարավոր ներդնողի համար շատ ավելի մեծ երաշխիք կլինի պետության առաջին դեմքին իր բիզնեսում փայատեր դարձնելու հեռանկարը, քան ոչ հստակ պատկերացումներով Հայաստանում բիզնես դնելու հրավերը: Բիզնեսը սիրում է հստակություն, հարց լուծող մարդկանց հետ կոնտակտներ: Կրկնում եմ՝ հարց լուծող մարդկանց, ոչ թե ակցիաներ կազմակերպող կամ սրան-նրան հայհոյող մարդու հետ աշխատանք: Կառավարության յուրաքանչյուր անդամ թող մի փորձ անի, դրսում ապրող իր բարեկամին կամ ընկերոջը խնդրի, որ Հայաստանում բիզնես սկսելու համար քայլեր ձեռնարկի՝ առանց իրեն զանգելու, իհարկե։ Տեսեք՝ գիտեն արդյոք մարդիկ, թե ո՞ւր է պետք զանգել, ի՞նչ է պետք ճշտել։ Հավատացեք, հստակություն չկա ընդհանրապես: Իսկ եթե լինեն կոնկրետ ներդրումային ծրագրեր՝ սկսած 20-30 հազար դոլարից մինչև միլիարդներ, ապա մարդը հստակ կհասկանա, թե ինչ է կատարվում, և ուր է գնում: Մեկ բան ևս՝ ամեն համայնքի համար պետք է կազմել զարգացման բիզնես պլան, դա չի կարող անել համայնքը, դա պետք է արվի մասնագիտացված կազմակերպություններր կողմից։ Դրանք լուրջ փողեր են, ու 60 հազար դրամ ստացող համայնքային ծառայողից դա ակնկալել չի կարելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել