Նոր ընտրական օրենսգիրքը միանշանակ մատնանշում է, որ ներկա իշխանությունները նախկինների արժանի ժառանգներն են, և նրանց գլխավոր մտահոգությունն իրենց իշխանության ամրապնդումն է։ Իրենց ներկա գործունեությամբ ինչպես նախկին իշխանությանը սպասարկող կուսակցությունը, այնպես էլ օլիգարխները հստակ ցուցադրեցին իրենց փոքրոգությունը, վեհության իսպառ բացակայությունը՝ կամակատարի սկզբունքով լծվելով այսօրվա իշխանություններին ծառայելու ինքնապաշտպանական «սուրբ առաքելությանը», և իշխանություններն էլ հաճույքով ու պատրաստակամությամբ ընդունեցին նրանց ծառայամտությունը՝ գիտակցելով, որ առանց կամակատարների հզոր բանակի անհնար է երկար պահել իշխանությունը։ Եթե նույնիսկ միլիարդավոր դոլարներ էլ մուտք գործեն բյուջե «կոռուպցիայի» դեմ ցուցադրական պայքարի արդյունքում, որը նույնպես իրականացվում է իշխանության ամրապնդման շրջանակներում, ապա այն փոշիացվելու է նույն ձևով, ինչպես նախկին իշխանությունների օրոք, վատնվելու է զանազան անմիտ ու անպետք ծրագրերի վրա, և արդյունքում՝ ո՛չ բանակն է ձեռք բերելու այնքան անհրաժեշտ նոր զինատեսակներ, ո՛չ թոշակներն են բարձրանալու և ո՛չ էլ երեխաների և թոշակառուների բուժօգնությունն է դառնալու անվճար․ խնդիրներ, որոնք պետք է լինեին առաջնահերթ ցանկացած կառավարության համար, քանզի երբ հստակորեն ամրագրված չէ նպատակը, այն երբեք չի իրականանա, այն այդպես էլ կմնա զուտ ռոմանտիկ ցանկություն, և այս բացահայտ ճշմարտությունը պարտավոր են գիտակցել մեր այն հայրենակիցները, որոնք սրերով են ընդունում ցանկացած քննադատություն ներկա իշխանությունների հասցեին։
Ժամանակն է վերջապես գիտակցելու, որ ոչ թե քննադատողները, այլ հենց պաշտպանողներն են պատասխանատու իշխանությունների վարած անհետևողական քաղաքականության համար։