Հին Չինաստանի Արևմտյան Հան դինաստիայի ողջ անդամները թաղված են ամենամեծ չինական գերեզմանոցում։ Յոթ տարի առաջ հնագիտության ոլորտի լավագույն մասնագետները որոշեցին անհապաղ պեղումներ իրականացնել։ Նրանց հասել էր տեղեկություն առ այն, որ հնաոճ իրերի «որսորդներն» իրենց առջև նպատակ են դրել ինչ-որ վայրի ողջ պարունակությունը հափշտակելու։ Դա կհանգեցներ պատմական անգին արտեֆակտների ոչնչացման, որոնք կարող էին դառնալ մշակութային ժառանգության օբյեկտներ։

Դուրս բերված նեֆրիտե կնիքները տեղեկություններ են տվել թաղվածի մասին։ Փաստորեն, նա կայսր Լյու Հեն էր։ Վերջինս ղեկավարել է Չինաստանը մ.թ.ա. 74 թվականին։ Գահընկեց է արվել կառավարման 27-րդ օրը մի խումբ պետական գործիչների կողմից, որոնք նրան անվստահություն էին հայտնել։

Պեղումների արդյունքում գտնվել է ոսկե 280 մետաղադրամ, որոնցից յուրաքանչյուրի քաշը միջինում 250 գրամ է։ Դրանք հաջողվել է պահպանել, քանի որ տեղավորված են եղել լաքապատ սնդուկների մեջ։ Բացի դրանից՝ հնէաբանները գտել են նաև ոսկե 20 թիթեղներ, որոնցից յուրաքանչյուրի չափսերն են 20x10x03 սմ։

Բացի ոսկուց՝ գերեզմանոցում պահպանված են եղել նաև բրոնզե զանգակներ և կանթեղներ։ Հաջողվել է հայտնաբերել բրոնզե 2 միլիոն դրամներ, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է 10 տոննան, նեֆրիտե իրեր և Կոնֆուցիուսի դիմանկարը։ Կայսեր հետ թաղել են նաև ավելի քան 3 հազար բամբուկե և փայտե թիթեղներ, որոնք բովանդակում են կայսեր գործունեության հաշվետվություններ։ Մյուս թիթեղների վրայի գրառումները ուսումնասիրման չեն ենթարկվել։ Կա հիպոթեզ, ըստ որի՝ դրանք նկարագրել են գյուղատնտեսական ու բժշկական աշխատանքներ։

Գերեզմանի ուսումնասիրումը առիթ է Լյու Հենի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու։ Պատմական ժամանակագրություններ են ստեղծել այն մարդիկ, որոնք դաժանաբար գահընկեց են արել այս տղամարդուն։ Դատելով ունեցած տվյալներից՝ կայսրն անգործության էր մատնված։ Կառավարչի կյանքն ուսումնասիրող պատմաբանները տեղեկացնում են, որ նա հարբեցող է եղել, սիրել է խախտել ծիսակարգերը և չի հարգել նախնիների հիշատակը։ Գերեզմանում չի գտնվել ոչ մի ապացույց այն մասին, որ կայսրն իշխանությանն անարժան էր։

Իրականում կայսրն իրավունք ուներ ունենալու մի հողաթումբ, որի երկարությունը 13 մ կլիներ, սակայն դատարանն «անարժան կայսերը» նման պատվի չի արժանացրել և զրկել է իրավունքից։ Հաշվի առնելով բամբուկների վրայի գրառումների քանակը՝ Լյու կայսրն ընթերցանության մեծ սիրահար էր։

Հնարավոր է, որ լռակյաց ու հանգիստ բնավորություն ունեցող կառավարիչը չի կարողացել ընդհանուր լեզու գտնել իր նենգ ենթակաների հետ։ Եվս մեկ հիպոթեզ. կայսեր բնավորությունն ու սովորությունները ժամանակի ընթացքում լուրջ փոփոխության են ենթարկվել, ինչի մասին հիշատակվում է գրքերում ու աղոթքներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել