Ավելի քան 200 սփյուռքահայ գործարարներից կազմված «Արցախ ռութս ինվեսթմենթ» ներդրումային ընկերության ներկայացուցիչներն օրերս Արցախում էին՝ ծանոթանալու նախորդ տարիների գործունեության արդյունքներին, նախանշելու առաջիկա անելիքները: «Արցախ ռութս ինվեսթմենթ» հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Քաշաթաղում նախատեսում են նոր տներ կառուցել: Առաջարկ է եղել այդ բնակելի հատվածն անվանել «Սիդնեյ» թաղամաս:
«Ներդրումային ընկերությունն իր ծրագրերն ընդլայնելու համար աշխատում է տարբեր երկրների ներդրողների հետ: Այս անգամ աշխատելով Սիդնեյի մեր հայրենակիցների հետ՝ նրանց կողմից որոշում կայացվեց ներդրումներ կատարել Արցախում: Քանի որ բնակարանաշինության ծրագիրը կյանքի է կոչվելու ավստրալահայության միջոցներով, հետևաբար առաջարկ կա թաղամասն անվանել «Սիդնեյ»,- ասաց Վահան Գասարջյանը: Շուտով հոգաբարձուների խորհրդին կներկայացվեն Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի 20 և Քարվաճառ քաղաքի շուրջ 40 բնակարանների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Արցախի վերաբնակեցումը հատկապես ՀՀ-ն ու Արցախը միմյանց կապող Քաշաթաղի շրջանում շատ կարևոր է: Նախ` դա կապահովի հայկական տարածքների միասնականությունը. ՀՀ-ի մարզերի ու Արցախի միջև դա կբացառի ապագայում ադրբեջանցիների վերադարձ ու բնակեցում` սեպ խրելու նպատակով: Խորհրդային շրջանում Հայաստանի ու ԼՂԻՄ-ի միջև բնակեցվում էին ադրբեջանցիներ, դա էր արվում նաև ԼՂԻՄ-ի ներսում, որպեսզի հայերն օպերատիվ կերպով չկարողանան միմյանց օգնության հասնել, ու ԼՂԻՄ-ը հայտնվի անկլավային վիճակում: Այսօր Քաշաթաղի և այլ շրջանների վերաբնակեցումը բացառում է ապագայում Ղարաբաղի անկլավային կարգավիճակը: Բացի այդ՝ վերաբնակեցումն իր հետ բերում է տնտեսական ակտիվություն` գյուղատնտեսական, զբոսաշրջային և այլ ուղղություններում:
Դրան զուգահեռ` վերաբնակեցումը լուծում է նաև պաշտպանական հարցեր. յուրաքանչյուր վերաբնակեցված գյուղ վերածվում է ռազմական հենակետի (բնակչությունը պաշտպանելու է սեփական տունն ու ընտանիքին, ավելի գլոբալ` իր շրջանն ու հայրենիքը):
Հայկական ներկայություն ապահովելով Քաշաթաղում ու այլ շրջաններում՝ լուծվում է նաև ՀՀ-ի մարզերի թիկունքի պաշտպանությունը. ՀՀ-Արցախ սահմանի երկու կողմերում հայեր են բնակվելու, ու հայաստանյան մարզերի ու Արցախի վարչական շրջանների միջև կձևավորվեն ուղիղ, հորիզոնական շփումներ, այդ թվում` տնտեսական: