Ծիծաղ, խինդ, ուրախություն, սեր ու համերաշխություն. ArmComedy-ի տղաներն աշնանային հետաքրքիր ու անակնկալներով լի երեկո են նախապատրասում։ «Մեծ, չաղ, հայկական Stand up»-ը` 0 գործողությամբ, տեղի կունենա նոյեմբերի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Մինչ այս Նարեկն ու Սերգեյն անդադար փորձեր են անում, փոփոխում սցենարն ու բեմադրությունները։ Ներկայացումից առաջ նրանք հետաքրքիր մանրամասներ են վստահել BlogNews.am-ին։

Վերջին երկու տարվա մեջ սա առաջին մասշտաբային ներկայացումն է լինելու։ Սցենարի վրա, ինչպես Սերգեյն է նշում, աշխատել են մի ամբողջ կյանք. «Հենց սկզբից ասեմ, որ մերկ տեսարաններ չեն լինելու բեմում, որովհետև  հասկացանք, որ դա մերը չէ։ Կլինի ծիծաղ, խինդ, ուրախություն, սեր և համերաշխություն»,- իրեն բնորոշ հումորով ասում է Սերգեյը։

«Մեծ, չաղ, հայկական Stand up». տղաները յուրօրինակ ձևով են խաղարկել ներկայացման անվանումը. «Մենք փորձել ենք անվան մեջ մի փոքր ակնարկել՝ ինչի մասին է լինելու այն՝ բոլոր հայկական երևույթների, այն մասին, ինչը համը հանում է, ինչը համը հանել է և ինչը ուր որ է՝ համը հանելու է։ Այսինքն՝ հայկական բնավորության, հասարակության, թե ինչ է կատարվում քաղաքականության մեջ  ու առօրյա կյանքում, ու այս ամենը վեր ենք հանելու սովորական սթենդափի ոճով»։

44065458_10156652071045786_1302708562069291008_n.jpg

Stand up ներկայացումը թերի կլիներ, եթե այնտեղ տեղ չգտնեին վերջին քաղաքական իրադարձությունները. «Վերջին քաղաքական իրադարձության պատճառով հետաձգվեց ու լիովին փոխվեց մեր սցենարը, որովհետև այն պլանավորել էինք անել դեռ մայիսին։ Իրավիճակ փոխվեց, ու դրա արդյունքում մենք ունենք նոր սցենար, որում ամեն ինչ արտացոլված է»։

Սերգեյի խոսքով՝ իրենք դատապարտելու են ներկայացմանը չմասնակցելն ու չդիտելը. «Հանդիսատեսը բեմում տեսնելու է երկու բարետես երիտասարդի, որոնք ուղղակի կատակներ են անում։ Ստենդափ ժանրը ենթադրում է մինիմալիստաական մոտեցում, բայց բեմում կլինենք նաև երկուսով՝ ներկայացնելով իրավիճակ՝ կապված թե՛ կառավարության, թե՛ այլ քաղաքական օղակների հետ։ Նաև կփորձենք վիզուալիզացնել էկրանին որոշ քաղաքական վիճակներ։ Այնպես որ, սիրով սպասում ենք բոլորիդ»։

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել