ԵՐԵՎԱՆ — Ազգային ժողովում այսօր խառնաշփոթ և իրարանցում էր. խորհրդարանի ցանցային ադմինիստրատոր Վիգեն Ապաչյանը արգելափակել է Tanki Online առցանց խաղը։
Պարոն Ապաչյանի խոսքով՝ միջոցը ծայրահեղ էր, սակայն անհետաձգելի. «Եթե նախորդ խորհրդարանում ավելի շատ այցելում էին բուքմեյքերական կայքեր, ապա այս խորհրդարանում ողջ թրաֆիկն ուտում են Ֆեյսբուքն ու առցանց խաղերը։ Կոնկրետ Ֆեյսբուքն ինձ արգելել են փակել, բայց Tanki Online-ի մասին ոչ մի կարգադրություն չէր եղել»։
Մեզ հետ զրույցում մի խումբ միլենիալ պատգամավորներ, որ ցանկացան անանուն մնալ, բողոքեցին, որ խաղի արգելափակումը հակասահմանադրական է. «Ես գեներալիսիմուսի կոչում ունեմ, հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է։ Եթե ես օրը 3-4 ժամ խաղի մեջ չեմ, ես հետընթաց եմ ապրում։ Եթե ի սկզբանե զգուշացնեին, որ նման սահմանափակում է լինելու, ես գուցե չառաջադրվեի»։ Պատգամավորները պնդում են, որ Tanki Online-ը զարգացնում է թիմային աշխատանքը և ռազմավարական հմտությունները։ «XXI դարում մենք օգտվում ենք ինքնակատարելագործման նոր գործիքակազմից։ Այո՛, խորհրդային կարծրացած մտածելակերպով մարդկանց գուցե թվա, թե սա ընդամենը խաղ է, բայց այդպես չէ»,- ամփոփեց պատգամավորներից ամենամիլենիալը։