Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն իր՝ ԱԺ այսօրվա ելույթի զգալի մասը նվիրեց Կապանի համայնքապետի ընտրություններին, որոնց ընթացքում ՔՊ թեկնածուն պարտվեց անկուսակցական Գևորգ Փարսյանին։ Վարչապետի ելույթից ակնհայտ էր, թե որքան է իրեն զայրացրել այն հանգամանքը, որ ինչ-որ մի քաղաքում իր ուզած մարդը չի ընտրվել։ Նիկոլը բացատրեց այս հանգամանքը նրանով, որ թեև ընտրությունների արդյունքներն արդար են, ամեն դեպքում տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում որոշ տնտեսական սուբյեկտների և ինչ-որ քրեական շրջանակների կողմից։ Վարչապետը, ճիշտ է, մոռացավ նշել, որ իրենք իրենց հերթին փորձել են ամեն կերպ հակառակ ուղղորդում տալ իրավիճակին՝ ճնշումներ գործադրելով համայնքի վարչական ներկայացուցիչների վրա՝ ԿԳ նախարարից սկսած, հենց վարչապետի այցով վերջացրած, նախկին փոխոստիկանապետին մարզի բնակիչների կամքին հակառակ մարզպետ նշանակելով։ Նորմալ է։
Իսկ ի՞նչ էր իրականում տեղի ունեցել Կապանում։ Շատ պարզ իրավիճակ։ 45․000 (+ գյուղեր) բնակչություն ունեցող քաղաքում կա բարձր հեղինակություն ունեցող անձի թեկնածություն, ու կա իրենից գլոբալ առումով բան չներկայացնող մեկի թեկնածություն, ում Նիկոլը ասել է, որ պիտի դառնա քաղաքապետ։ Գիտեք, դա անցնում է Երևանում, որտեղ շատերը գիտեն, թե Հայկոն կարգին տղա է, բայց համեմատաբար փոքր քաղաքում, որտեղ եթե դու չէ, ապա ընկերդ անձամբ գիտի այդ թեկնածուներին, նման մոտեցում չի անցնի։ Մարդիկ կգնան ու կընտրեն նրան, ում արժանի են համարում։ Ուրիշ քաղաքներում էլ նման ձև կլիներ, եթե արժանի մարդիկ դուխով էս «նշանակումներին» դեմ գնային։
Փաստացի, Նիկոլն ուզում էր քաղաքապետ նշանակել Կապանում, ինչն իրեն չհաջողվեց, ու հիմա բարկացած է։ Իրականում եթե նախարարների պաշտոններն ընտրովի լինեին, տեսնես քանի հոգի Նիկոլի հորդորով Արայիկ Հարությունյան կընտրեր ԿԳ նախարար։ Կամ Մակունցին՝ մշակույթի։ Կամ էն երիտասարդին՝ սփյուռքի։ Նույն իրավիճակն էր լինելու, այնպես որ, պետք չէ արհեստական պատճառներ փնտրել, ամեն ինչ ակնհայտ է։
Հ․Գ․ Ասում է՝ ծանոթ-բարեկամը պետք է այլևս դեր չխաղա։ Հըմ, Սասունի տղեն երևի իրեն բարեկամ չէ։ Ու երևի էդ բարեկամ չլինելն ա պատճառը, որ դպրոցի տնօրեններին՝ աշակերտներին միտինգի տանելու հրահանգը մնաց անտեսված։ Հիմա որ հանրապետականը տենց բան աներ, նույն տրիբունայից պատկերացնում եմ՝ ինչպես էր մատ թափ տալու ու բարակ ձայնով խելոք բաներ խոսելու։ Սա ցինիզմ ա, ուրիշ խոսք չկա։