Նախաբան 1․ Մի քանի ամիս առաջ շատ անլուրջ կարդացի նյութը, որում Ալիևը հայտարարել էր, թե իրենք աջակցել են Սերժ Սարգսյանի հեռացմանը։ Թեմային ավելի մանրամասն անդրադարձ չեղավ հետագայում ո՛չ մեր, ո՛չ ադրբեջանական մամուլի կողմից։ Դե իրենց համար դա կարող էր լինել Ալիևի մեծությունը հերթական անգամ նշելու առիթ, իսկ մերոնց համար վերջինիս հիմարությունը ևս մեկ անգամ ապացուցելու պատճառ։
Նախաբան 2․ ԱՄՆ-ում Ալիևի լոբբիստական գործունեությանը նվիրված ինֆոգրաֆիկա էինք սարքել մի քանի տարի առաջ, եթե հիշում եք, որն այժմ թարմացնում ենք մի քանի նվիրյալ մարդկանց հետ միասին (ու պատրաստվում ենք այն շուտով հրապարակել, ի դեպ)։ Ու այս անգամ հասկացանք այն, որ գումարային հոսքերը հիմա արդեն բացեիբաց չեն փոխանցվում, հաճախ գումարները նույնիսկ նշված չեն, լոբբիստների քանակը հսկայական է, երբեմն օգտագործվում են միջնորդավորված ԱՄՆ-ում գրանցված կազմակերպություններ, որոնցից որևէ կերպ չի երևում դրանց՝ Ադրբեջանի ռեժիմի հետ կապ ունենալը։ Ու նույնիսկ գտնվածները, համոզված եմ, ընդհանուր քանակի չնչին մասն են կազմում։
ԱՄՆ-ում գործում է օրենք, համաձայն որի՝ արտասահմանյան ագենտ կազմակերությունները պարտավոր են թափանցիկ կերպով ներկայացնել իրենց ֆինանսավորման աղբյուրները։ Ու միևնույն է, համոզված եմ, որ կան լուրջ գումարային հոսքեր, որոնք այն աստիճան խճճված սխեմաներով են հասնում լոբբիստներին ու քաղաքականություն ստեղծող գործիչներին, որ դրանք գտնելը չափազանց բարդ է, բայց ոչ անհնար։ Եզրահանգումը, սակայն, այն է, որ նրանք տարի առ տարի դառնում են ավելի ու ավելի փորձառու ու խելացի այս հարցերում։ Լվացքատան խճճված սխեմաները՝ ձեզ օրինակ։
Բուն միտք․ կապելով վերոնշյալ երկու մտքերը՝ մի հարց է առաջացել իմ մեջ․ Հայաստանում արտասահմանյան ֆինանսավորմամբ քաղաքացիական հասարակության աջակցման բազմաթիվ կազմակերպությունների թվում արդյոք վերահսկվո՞ւմ են գումարային հոսքերի սկզբնաղբյուրները։ Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք փայլուն գործ են անում, անխոս։ Բայց․
- Արդյոք վերահսկվո՞ւմ են Հայաստանում գործող արտասահմանյան ագենտների ֆինանսավորման սկզբնաղբյուրներն ու սկզբնաղբյուրների սկզբնաղբյուրները։
- Արդյոք մենք ապահովվա՞ծ ենք նրա դեմ, որ Ալիևի փողերը միջնորդավորված՝ արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով չեն մտնում Հայաստան ու չեն նախաձեռնում, օրինակ, զանգվածային ակցիաներ՝ ուղղված բանակի հեղինակազրկմանը, պետության առանձին ինստիտուտների դեմ քարոզչության։ Բնական է՝ կրկին միջնորդավորված ձևով, օրինակ՝ պայքարելով առանձին որոշումների ու քաղաքականության դեմ, բայց փաստացի բերելով դրանց գործունեության պարալիզացմանը։
- Արդյոք չե՞նք կարող ունենալ միջնորդավորված գումարների հոսքեր մեր երկիր, որոնք կարող են մեզ բերել 90-ականների սկզբերը, երբ ժողովրդի պահանջով փակվեցին բոլորի կողմից ատելի ու թշնամական «Նաիրիտն» ու ատոմակայանը, ինչի արդյունքում եկան 92-95 թվականները, երբ մեր նորագույն պատմության ընթացքում ունեցանք ամենամաքուր օդն ու ջուրը, բայց վառում էինք փայտ, ՀՆԱ-ն հասավ իր պատմական մինիմումին 1920 թվականի հայ-թուրքական պատերազմից ի վեր, իսկ բնակչությունը պակասեց գրեթե 1/6-ով։
Հարցերս, ըստ էության, մեկ տեղ են տանում․ ինչո՞ւ չունենք մինչ այսօր Հայաստանում գործող արտասահմանյան ագենտ կազմակերպությունների գումարային հոսքերը հարմար կերպով վերահսկելու գործիք՝ հասկանալու յուրաքանչյուրի մոտիվացիան ու իրենց ֆինանսավորողների իրական շարժառիթները։ Ո՞վ է ձգտում հեռավոր Հայաստանում մեծ գումարներ ծախսել այն զարգացող ու վստահելի պետություն դարձնելու համար ու ինչո՞ւ, իսկ ո՞վ ունի նպատակ զուտ պարալիզացնելու ու արժեզրկելու պետությունը, ժողովուրդը, արժեքները՝ այն ամենը, ինչը հանդիսանում է մեր երկրի ֆունդամենտը, այն մասնատված ու բարոյազրկված տեսնելու նպատակով։
Պարզապես ստում է այն մարդը բոլորին կամ ինքն իրեն, եթե հավատում է, որ Ալիևը չի ուզում կամ չի կարող մեզ մոտ անել այն, ինչ արել է ու անում է ԱՄՆ-ում ու Եվրոպայում միլիարդովար դոլարներ ծախսելով։ Եթե նրան չի հաջողվել դա, շատ լավ է, ստեղծեք հարմար գործիք/կայք/տվյալների բազա՝ հոսքերը վերահսկելու համար, ու խնդիր չկա։ Գումարային հոսքերը դեպի Հայաստան պետք է վերահսկվեն խստագույնս նման խոսակցությունները հետագայում չվարելու համար։