Հոկտեմբերի 23-ին ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Հանդիպման նպատակն էր քննարկել իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև ԱԻ նախարարության և Ճապոնիայի կառավարության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ ցուցաբերվող աջակցության համար. «Բարձր եմ գնահատում բոլոր նախաձեռնությունները, որ եղել են Ճապոնիայի կողմից: Վստահ եմ, որ ձևավորված համագործակցությունը շարունակական է լինելու»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության ուղղությունները՝ մասնավորապես ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում «Հրշեջ գույքի բարելավման ծրագրի», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աղետների արձագանքման հնարավորությունների զարգացման, «Ճգնաժամային հաղորդակցության և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ազգային ցանց» և այլ ընթացիկ ծրագրերի մանրամասները:
«Ճապոնիայի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, քանի որ աղետներին դիմակայելու հարցում Ճապոնիայի կառավարությունը մեծ և պրակտիկ փորձ ունի: Շատ եմ կարևորում նաև ճապոնական փորձի փոխանակումը կարկտահարության դեմ պայքարում», - նշել է Ֆելիքս Ցոլակյանը:
Հանդիպման ընթացքում նախարարը նաև նշել է, որ ցանկալի կլիներ՝ տրվող աջակցության առաջնայնությունը բխի երկրի կարիքներից և նախապես համաձայնեցվի ԱԻՆ մասնագետների հետ: Այս համատեքստում քննարկվել են նաև տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակում նորակառույց բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման համար 50 և ավել մետր բարձրություն ունեցող ավտոսանդուղքների, ինչպես նաև ուղղաթիռների տրամադրման հնարավորությունները:
«Շնորհակալություն բովանդակալից ներկայացման համար: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ հաճախ ենք քննարկում Հայաստանին տրամադրվող աջակցության հնարավորությունները: Այս հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկությունները՝ մասնավորապես կարկտահարության դեմ պայքարի, անտառային հրդեհների հրդեհաշիջման կարողությունների զարգացման և տեխնիկայի ձեռք բերման վերաբերյալ կփոխանցեմ Ճապոնիայի կառավարությանը»,-նշել է Ջուն Յամադան:
Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին այցի համար և հույս հայտնեց, որ այսուհետ համագործակցությունն առավել ակտիվ կլինի: