Ուրեմն՝ երեկվա դեպքի մասին շատերդ տեղյակ եք, և ինչպես իմ գրառումից պարզ դարձավ, հնարավորինս խուսափել էի տվյալ պահի հուզականությանս հագուրդ տալ, բայց հիմա շատ «սառը» անդրադառնամ տեղի ունեցածին և դրան հաջորդած զարգացումներին: 

Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, մորս զարկերակային ճնշումը բարձրանում է և հասնում մինչև 170/150 սանդղակին, այդ պահին ես տանը չեմ լինում, և եղբայրս զանգահարում է շտապօգնություն (չեմ նկարագրում ցանկացած մարդու հոգեբանական վիճակը նման դեպքում): Մինչև ես մեքենա եմ նստում, որ բարձրանամ տուն, եղբայրս զանգում ու ասում է, որ շտապօգնությունից ասել են, որ չեն կարող շուտ մոտենալ: Ես զանգում եմ շտապօգնություն և փորձում եմ պարզել, թե որքան են ուշանալու, արդյունքում ստանում եմ ոչ ադեկվատ պատասխան, ինչից հետո հեռախոսին պատասխանած անձը հեռախոսն անջատում է, որին հետևում է իմ մյուս` ավելի բարկացած զանգը: Կարճ ասած` շտապօգնություն ենք դիմել 14:20 րոպեին, նրանք մոտեցել են 15:50, երբ արդեն մենք մեր իմացած միջոցներով մորս ճնշումն իջեցրել էինք 130/110-ի:

Երեկ ինձ հետ Ֆեյսբուքով կապվում է Տաթև Սարգսյան օգտատերը և ներկայանում որպես քաղաքապետարանի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ ու տեղեկացնում. «Ձեր կողմից բարձրացված խնդրին մանրամասն ծանոթանալու համար խնդրում եմ թողնել կոնտակտային տվյալ կամ վաղը զանգահարել 011-51-41-53 հեռախոսահամարով»: Շատ լավ հասկանալով, որ Երևանի քաղաքապետարանը շտապօգնության ծառայության հետ խիստ ֆորմալ և տեխնիկական կապ ունի ընդամենը, այնուամենայնիվ, որոշում եմ պատասխանել և ի՞նչ տեսնեմ տվյալ օգտատիրոջ էջում: Պարզվում է մեր շատ «մարդկային, օրինապաշտ, օբյեկտիվ» աշխատակիցներն արդեն հայտարարություն են տեղադրել իրենց էջում, որում բացակայում են օբյեկտիվությունն ու անգամ բարոյական տարրական նորմերը:

Ուրեմն՝ հայտարարության մեջ Շտապօգնության անունից հանդես եկող էջն ակնհայտ կեղծ տեղեկություններ է հրապարակել տեղի ունեցածի մասին, որից ելնելով՝ ակնհայտ են դառնում տվյալ հայտարարությունը գրողների իրական դեմքն ու իրական շարժառիթները: Ի դեպ, իրենց աշխատակիցներից մեկն ինձ գաղտնի տեղեկացրեց, որ հայտարարություն անելու հրահանգը ստացել են անձամբ Արսեն Թորոսյանից, բայց սրա մասին՝ ավելի ուշ:

Նախ՝ տվյալ տեքստը գրողն ակնհայտորեն փորձում է լարվածության իմիտացիա ստեղծել շտապօգնության բուժանձնակազմի և իմ միջև՝ փորձելով ցույց տալ, իբր ես բուժանձնակազմի հետ խնդիր ունեմ, որն ուղղակի ծիծաղելի է։ Հատուկ ընդգծեմ՝ ես շտապօգնության բուժանձնակազմի կողմից արվող տաժանակիր և երբեմն էլ ոչ արժանապատիվ աշխատանքը հարգում եմ և խոնարհվում եմ համակարգի պրոֆեսիոնալ բուժաշխատողների առջև: Դուք շատ կարևոր և լավ գործ եք անում, հարգելի բժիշկներ, և իրոք ոչինչ, որ ձեզ ղեկավարում են արսենթորոսյանների նման ոչնչապաշտ ցինիկները, հավատացեք՝ դա խիստ ժամանակավոր բնույթ է կրում: 

Տվյալ տեքստում խոսվում է նրա մասին, իբր կանչը սպասարկվել է 50 րոպե անց, որը բացարձակ ՍՈՒՏ է. կանչը սպասարկվել է 1 ժամ 30 րոպե անց: Նշում են, որ իրենք գալուց հետո արձանագրել են, որ մորս ճնշումը եղել է 130/100, և աբսուրդայնությունն ու ցինիզմը հասնում են այնտեղ, որ մեկ ու կես ժամ անց արձանագրած ճնշումը ներկայացնում են զանգի պատճառ և ասում, որ այդ աստիճանի ճնշումն առաջնային սպասարկման ենթակա չէ: Սա կոնկրետ ցինիզմի դրսևորում է, և բարեբախտաբար, մայրս հիմա նորմալ վիճակում է, թե չէ էդ շտապօգնության դիսպետչերն ու էդ աղբ հայտարարությունը տարածողներն իրենց սեփական մաշկի վրա կզգային իրենց արածի ողջ ծանրությունը: 

Եվ ամենավերջում՝ տվյալ հայտարարությունը գրողի դեպքում նրա` սրբապիղծ լինելու խիստ կասկածներ ունեմ և վստահ եմ՝ մի օր էդ հայտարարությունը գրողի հետ կառերեսվեմ ու մտածածս կասեմ ու կանեմ, բայց տեսեք՝ ինչ են ասում Թորոսյան Արսենի համար հայտարարություն անողները․ «Լսելով կանչ տվողի խոսակցությունների ձայնագրությունները, որոնք երկուսն են, տպավորություն է ստեղծվում, որ կանչը տրվել է ավելի շատ համակարգը փնովելու, քան հիվանդին օգնության կանչելու համար»։ Միգուցե էս տողերը գրողն իր սեփական ծնողների, բարեկամների առողջությունն ու արժանապատվությունը կարող է ստորադասել իր նեղ անձնական կամ սեռական շահերին, բայց նման բան գրելու համար պետք էր անսահման անբարոյական լինել: Ինչևէ, սույն մտքերի հեղինակին հորդորում եմ մի պահ իրեն դնել իմ տեղում և մեկ անգամ էլ լսել ձայնագրությունները, և վստահ եմ՝ այդքանից հետո անգամ ինքն ինձանից խիստ շնորհակալ կլինի իրավիճակին անհամապատասխան խիստ ԿՈՌԵԿՏ լինելու համար: 

ՀԳ. Նման անբարեխիղճ աշխատակիցների պատճառով է արատավորվում ողջ համակարգը, նմանների պատճառով են լինում դեպքեր, երբ շտապօգնության աշխատակիցների նկատմամբ բռնություն են գործադրում քաղաքացիները, նմանատիպ արժեքային համակարգից զուրկ մարդկանց անբարեխիղճ աշխատանքի արդյունքում են ծնվում հակակրանքն ու ատելությունը շարքային քաղաքացիներիս շրջանում մի ամբողջ բարեխիղճ անձնակազմի նկատմամբ, բայց անգամ էս դեպքն ինձ ետ չի պահում ասելուց, որ շտապօգնության սպասարկող բուժանձնակազմը շատ բարեխիղճ և արժանավոր մարդկանցից է բաղկացած՝ սկսած վարորդներից, վերջացրած բժիշկներով և բուժքույրերով: Ավելին՝ սա մեր միասնական խնդիրն է։

Իսկ թե ինչ կապ ունի այս ամենի հետ ոչնչապաշտ և ցինիկ Արսեն Թորոսյանը, կասեմ մեկ այլ առիթով, հիմա` առողջություն բոլորին և թող ոչ ոք երբեք անհրաժեշտություն չունենա օգտվելու շտապօգնության ծառայություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել