ՄԱԿ-ի հովանու ներքո Ֆիլիպիններում անցկացվող «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի Լիբանանից մասնակիցը՝ 26-ամյա մոդել Սալվա Աքարը, զրկվել է «Միսս Երկիր-Լիբանան» տիտղոսից՝ Իսրայելից ներկայացուցչի հետ համատեղ լուսանկարի պատճառով։ Գեղեցկուհիները լուսանկարվել են մրցույթի շրջանակում:
Մեկնաբանելով կատարվածը՝ Աքարը հայտարարել է, որ չի նկատել՝ ում հետ է լուսանկարվում, քանի որ չի կրել կոնտակտային լինզաները: «Միսս Երկիր-Լիբանան»-ի կազմկոմիտեին չի բավարարել այս բացատրությունը, քանի որ Իսրայելից ներկայացուցչի վրա եղել է երկրի անվանումով ժապավենը:
Այնուամենայնիվ, Սալվա Աքարը հայտարարել է, որ, չնայած տիտղոսից զրկվելուն, նա կշարունակի պայքարը գեղեցկության մրցույթում:
Լիբանանից հայտնել են, որ «կտրականապես չեն պահպանում Իսրայելի հետ հարաբերություններ»: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Իսրայելցի քաղաքական գործիչները Լիբանանը «թշնամական պետություն» են համարում:
«Միսս Երկիր» գեղեցկության մրցույթն անցկացվում է Ֆիլիպիններում, եզրափակիչ փուլը տեղի կունենա հաջորդ ամիս: «Միսս Երկիրը» համաշխարհային ճանաչում ունեցող գեղեցկության մրցույթների շարքում ամենաերիտասարդն է, սակայն դրա յուրահատկությունն այն է, որ բոլոր մասնակիցները, բարետես լինելուց բացի, պետք է ներկայացնեն հետաքրքիր բնապահպանական նախագծեր, որոնք հնարավորություն կտան բարելավելու թե՛ աշխարհում, թե՛ կոնկրետ տարածաշրջանում բնապահպանական վիճակը:




