Irakanum.am-ը գրում է.

Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի հայրը սպառնացել է քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանին։ Պատճառն եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցում Մանուկյանի գրառումը։ Այս մասին Irakanum.am-իհետ զրույցում ասել է Մանուկյանը։ Նա նաեւ մեզ տրամադրել է համապատասխան ձայնագրությունը։

Ամեն ինչ նախ հերթով։ «Ես քաղաքապետի պաշտոնակատարին անձամբ չեմ ճանաչում, չնայած փոքր ժամանակ տեսել եմ մի քանի անգամ։ Այն թաղամասը, որտեղ ինքն է ապրում, ապրել է մորաքույրս, ինքն այդ ժամանակ տասներկու տարեկան էր։ Իրա հետ վերջին շրջանում երբեք չեմ խոսել, փորձեր  արել եմ իհարկե խոսել, ես պայքարել եմ հեղափոխության համար, ինձ համարում եմ այս հեղափոխության պայքարի հիմնադիրներից մեկը։ Ես, որ 2003 թվականին պայքարում էի, Դիանան սեղանի տակից վազելով էր անցնում, հիմա պատահական դարձան հեղափոխական։ Բայց Արսենի հետ (խոսքը փոխքաղաքապետի մասին է, ով նաեւ Էջմածնի ՔՊ կառույցի ղեկավարն է: Ի դեպ նրա եւ Գեւորգ Մանուկյանի հեռախոսազրույցը եւս մեր տրամադրության տակ է։ Այն կհրապարակենք առաջիկայում) ունեցել եմ զրույց։ Առաջին անգամ, որ զանգել եմ իրեն, պատճառն եղել է այն, որ նա մի անգամ ժողով էր հրավիրել, որին մասնակցում էին Էջմիածնի ակտիվը։ Նա հայտարարել է, թե բա գիտեք ես ով եմ, ես մի տարի է Փաշինյանի կողքին եմ, ես նարդվան էի բռնում Նիկոլը հելնում էր կռիշները»,- պատմեց Գեւորգ Մանուկյանը։ Այդ ժամանակ է ըստ Մանուկյանի ինքը կապ հաստատել փոխքաղաքապետի հետ։ «Դիանան քաղբանտարկյալներին դատող դատարանում է աշխատել։ Ես ջղայնանում եմ, եւ զանգում եմ Արսենին, ասում եմ Արսեն ջան, բա ոնց եղավ, որ այդպես եղավ։ Ասում է, ախպեր ջան վերեւներից են նշանակել։ Հետո նույն թեմայով ես զանգում եմ Փաշինյանի օգնականներից մեկին, անունը չեմ ուզում ասել։ Ասում եմ, սենց թեմայա, ասում է  Գեւորգ փաստեր, հետո դա ինչ կապ ունի․․․»,- ասաց Մանուկյանը։

Գեւորգ Մանուկյանը նաեւ պատմեց, որ քույրը տեղեկանալով, որ քաղաքապետարանում թափուր աշխատատեղեր կան, փորձում է դիմել։ Քաղաքապետարան է ուղարկում ինքնակենսագրականը։ Քույրը հրավիրվում է հարցազրույցի, սակայն աշխատակիցները ըստ Մանուկյանի հարցնում են, թե արդյո՞ք նախկինում քույրը եղել է ՀՀԿ անդամ, հետո անդամակցել ՔՊ-ին։ Պատասխանը բացասական է լինում, ինչի պատճառով էլ աշխատանքի չեն ընդունում։

Ինչ վերաբերում է Դիանա Գասպարյանի հոր զանգին, որտեղ նա սպառնում է Հեւորգ Մանուկյանին, ապա պատճառն եղել է այն, որ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Դիանան աշխատել է նույն այն դատարանում, որտեղ դատել են քաղաքական հայացքների համար, եւ բացի այդ ըստ Մանուկյանի Դիանան հայտարարել է, որ այդ դատարանում դատվել են միայն շարքային գողեր, եւ ոչ թե քաղբանտարկյալներ։ Ի դեպ Մանուկյանը մեզ տրամադրել է նաեւ Դիանա Գասպարյանի հոր ֆեյսբուքյան նամակը, որտեղ եւս վիրավորանք է ուղղված Մանուկյանին։

Գրառումից հետո քաղաքապետի պաշտոնակատարի հայրը զանգահարում է Գեւորգ Մանուկյանին։

Ներկայացնում ենք ձայնագրությունը։

Նշենք, որ թեմայի վերաբերյալ նոր մանրամասներ եւ նաեւ Դիանա Գասպարյանի մեկնաբանությունը կներկայացնենք ավելի ուշ։

Հավելենք, որ Գեւորգ Մանուկյանը 2008 թվին մարտի մեկի գործով է  դատապարտված եղել։ Ներկայումս բնակվում է Ֆրանսիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել