Պետք է խոստովանեմ, որ հաճելիորեն զարմացած էի Աշոտ Մանուչարյանի` հայտնի մամլո ասուլիսում հնչեցրած հայտարարություններից և էլ ավելի տպավորվեցի 1-ին լրատվականին տրված նրա հարցազրույցից, որտեղ նա խոսում է Եվրոպայի, LGBT-ի, Ռուսաստանի և Հայաստանի մասին: Վերստին համոզվեցի, որ 90-91-ին իզուր չէի այս մարդուն Ղարաբաղ կոմիտեից ամենաշատը հարգում:
Խորհուրդ եմ տալիս կարդալ ամբողջ հարցազրույցը, որովհետև վաղուց զգացվում էր անկեղծ խոսքի դեֆիցիտ, իսկ մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ կարելի էր լսել միայն իշխանական և ընդդիմական քարոզչամեքենաների խիստ միակողմանի ու ոչ օբյեկտիվ տեսակետները.
- Պարոն Մանուչարյան, կարծիք էիք հայտնել, թե ՌԴ-ի զայրույթն է հարուցել LGTB-ին անդամագրվելու ՀՀ քաղաքական էլիտայի ցանկությունը, փաստորեն՝ Եվրամիությունը LGTB-ի հետ էիք համեմատել։ Չե՞ք կարծում, որ քննադատությունները տեղին էին, և Ձեր համեմատությունը շատ կոպիտ էր:
- Ի սկզբանե Եվրոպան էր, և այդ Եվրոպան Բախինն ու Մոցարտինն էր, Միքելանջելոյինն ու Ռաֆայելինը, Կանտինն ու Լայբնիցինը, և այդ Եվրոպան սնուցել էին մեծն հունական և քրիստոնեական քաղաքակրթությունները, տասնյակ ժողովուրդների և դրանց թվում հայերի հոգևոր նկրտումների արդյունքում ստեղծված բարձրագույն նմուշները: Այսպիսով՝ այդ Եվրոպան նաև մեր հոգեզավակն է, և ինչպե՞ս նա կարող է մեզ համար ամենահարազատը չլինել:
Բայց հետո եկավ փողի աշխարհը. փողը կար վաղուց, անգամ Աստվածային աշխարհում, բայց այնտեղ նա իր ճշգրիտ տեղն ուներ, ինչպես զուգարանի թուղթը, ոտնամանները և կենցաղի այլ պարագաներ, իսկ փողի աշխարհում փողն ամեն ինչ էր, փողն Աստված էր, իսկ մարդը, որ նախորդ, ճշմարիտ Եվրոպայում Աստվածների հետ խոսող էր, փողի աշխարհում ոչինչ էր, փողին ծառայող էր, հանուն փողի ուրիշներին սպանող, տանջող էր, ինքն իրեն զոհող էր, միայն հաճույքների համար ապրող էր (ուտել, խմել, իշխել, կենակցել): Եվ ստեղծեց Եվրամիություն՝ որպես փողի աշխարհի գործիք և ենթարկեց պետությունները Եվրամիությանը և նրանց էլ դարձրեց մեծ փողի գործիք:
Եվ տարածեց աշխարհով իր փողի ուսմունքը գեղեցիկ բառերով (դեմոկրատիա, սահմանադրական կարգ...) փաթեթավորված և հասցրեց Հայաստան, և բոլորը բոլորին պատերազմ հայտարարեցին հանուն փողի, և ոչնչացրեցին միմյանց և ոչնչացրեցին երկիրը: Ե՛վ Հայաստանում, և՛ Եվրոպայի տարածքում, և՛ նրա շուրջ բազմաթիվ այլ երկրներում չմնացին պետություններ և կառավարություններ, կուսակցություններ, լրատվամիջոցներ և շատ ու շատ այլ կարևոր կառույցներ՝ բոլորը գործիք էին Աշխարհի փողի և նրա կառույցների ձեռքում, և բզկտվեցին ազգերը, մոռացան իրենց մշակույթը, տրվեցին հաճույքների: Եվ միայն ընտանիքը և մարդու հոգու խորքը վերջին հանգրվանն էր: Բայց այս վերջինն էլ հերիք էր, որ արդեն մի քանի տարի Եվրոպան և աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը ցնցեին հզորագույն ժողովրդական ընդվզումներ այս փողի համակարգի դեմ:
Եվ որոշվեց ոչնչացնել մարդու վերջին հանգրվանները՝ իր հոգին և իր ընտանիքը: Եվ կյանքի կոչվեց մի նոր բանակ՝ LGBT-ն: Եվ Եվրոպայի ամեն մի երկրում, հայթայթելով մի քանի մոլագարների, Աշխարհի փողի համակարգը և նրա գործիք Եվրամիությունը սկսեցին «հրով ու սրով» հաստատել այս ընտանիքը և մարդուն ոչնչացնող համակարգը...
Հայցում եմ ընթերցողի ներողամտությունը սույն միջնադարյան պատմագրին բնորոշ ոճի համար, բայց մի որևէ ձևով պետք է հնարավորինս սեղմ ներկայացնեմ իմ պատկերացումները նշված հարցի շուրջ, իսկ կոնկրետացնելով՝ ասեմ, որ դեմոկրատական Եվրամիությունը, որպես իր հետ մերձենալու նախապայման, ներկայացրեց ոչ թե Եվրոպական մշակույթը երեխաներին և հասարակությանը ծանոթացնելը (ես կպաշտպանեի ցանկացած օրենք այդ ուղղությամբ), այլ մի ամբողջ փաթեթ LGBT-ի ուղղությամբ, այն էլ թաքուն՝ ժողովրդից գաղտնի: Մեր փառապանծ պառլամենտը 3 ընթերցմամբ արդեն ընդունել է օրենքը գենդերային հավասարության մասին, ըստ որի՝ մարդը ինքն է որոշում իր սեռը, և շուտով Եվրամիության մոլագարների ճիրաններում հայտնված առանձին երիտասարդներ զինկոմիսարիատում զորակոչի ժամանակ կհայտարարեն, որ իրենք իրենց կին են զգում և հետևաբար չեն կարող զորակոչվել: Եվ ո՛չ ԱՆ-ն, ո՛չ ՊՆ-ն, ոչ մեկը չնկատեցին այդ քայքայիչ քայլը ընդդեմ Հայաստանի Հանրապետության, նրա Զինված ուժերի, նրա ազգային հոգեկերտվածքի էր: Իհարկե, այս օրենքը պետք է անմիջապես վերացվի, բայց նաև պետք է հատուկ հանձնաժողով ստեղծվի, հետաքննվի, և պատժի ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր իրականցրել են այս դիվերսիան ընդդեմ հանրապետության (ի դեպ, այս բոլոր հարցերի պարզաբանումը հնչեց մտավորականության, հոգևորականների կլոր սեղանում), որը նկարահանում էին բազմաթիվ հեռուստաալիքներ, բայց ոչ մեկը չցուցադրվեց եթերում: Սա է LGBT (Եվրամիություն) համակարգի իրական հզորությունը Հայաստանում:
- Դեմ եք Եվրամիությանը, ինչի՞ն եք կողմ:
- Մոտ 1 ամիս առաջ Ֆրանսիայի ժողովուրդը ապստամբեց ընդդեմ իր պառլամենտի որոշման LGBT-ի մասին։ Պառլամենտը որոշում կայացրեց ԵՄ-ի պահանջով ընդդեմ իր ժողովրդի։ Ժողովրդի ընդվզումը ղեկավարեցին հոգևորականներն ու մտավորականները: Վերջիններիցս մեկը Ֆրանսիայի հոգևոր կենտրոնում՝ Փարիզի Աստվածամոր տաճարում ինքնասպանություն կատարեց՝ ինքնազոհությամբ ցույց տալով բոլորին, թե որտեղ է հասել երկիրը:
Վրաստանում Եվրամիության ղեկավարության կողմից հրահրված հերթական LGBT միջոցառումը բախվեց Իլյա 2-րդի և նրա հոգևոր հոտի զարմանալի ընդվզման: Սա առաջին դեպքն է Եվրոպայում, երբ երկիրը փաստորեն ամբոջությամբ համախմբվում է իր հոգևոր առաջնորդի շուրջ՝ պահպանելու իր հիմնասյուները՝ ընտանիքը և արժեքները:
Մոլդովայում Եվրաինտեգրման կոմիսար Ֆյուլեն, հակառակ այդ ժողովրդի կարծիքի և պատկերացումների, իր մասնավոր այցով հրահրեց LGBT հերթական սանձարձակ միջոցառումը, ինչը հանգեցրեց հսկայական հասարակական, քաղաքական և հոգևոր ընդվզման:
Ռուսաստանը արգելել է LGBT միջոցառումներն իր տարածքում՝ օրենքով:
Լեհաստանը, ինչպես նաև Ուկրաինան, մերժել են LGBT օրենքների ընդունումն իրենց երկրներում:
Այս ամենը մեծ հույս է ներշնչում, որ Եվրոպական քաղաքակրթական տարածքում, որը տարածվում է Իսլանդիայից մինչև Չուկոտկա, դեռ ողջ է ճշմարիտ Եվրոպայի ոգին: Այս ամենը սկիզբ կարող է հանդիսանալ նոր ստրատեգիական դաշինքի՝ հանուն ճշմարիտ Եվրոպայի, հանուն մշակույթների և մարդկային էության պահպանման ու զարգացման: Այդ նոր-հին Եվրոպային պետք չի գա ո՛չ Եվրամիություն, ո՛չ Մաքսային միություն:
- Այդուհանդերձ, Դուք Եվրամիությունը համամետեցիք LGTB-ի հետ, ինչքանո՞վ է տեղին, տնտեսական ծրագիրը համեմատել նման կազմակերպության հետ:
- Տնտեսական կառույցները քայքայիչ գործողություններ երկրում չեն անցկացնում, դա անում են հատուկ ծառայությունները: Վերը նշված բոլոր գործողությունները քայքայիչ են: Ասածիս կավելացնեմ միայն մեկ բան՝ երբ Ֆրանսիայում ընդունվում էր LGBT օրենքների փաթեթը, LGBT անձանց մեծամասնությունը դեմ էր, որ իրենց՝ երեխաներին որդեգրելու իրավունք տրվի: Սակայն պառլամենտը հակառակ իրենց ցանկության, այդ իրավունքը իրենց տվեց: Սրանով հաստատվեց, որ LGBT անձինք այդ քաղաքականության հետ իրական կապ չունեն: Եվրամիությունը դա անում էր ոչ թե իրենց իրավունքները պաշտպանելու համար, այլ եվրոպական քաղաքակրթության Փողի աշխարհին դիմադրության վերջին հանգրվանները՝ ընտանիքը և մարդու ավանդական հոգեկերտվածքը, բզկտելու, ոչնչացնելու համար: Այնպես որ, ԵՄ-ն տնտեսական կառույց չէ, նա հատուկ ծառայություն է՝ քայքայիչ դիվերսիոն նպատակներով և LGBT անվանում նշանաբանով:
- Իսկ Ռուսաստանի հետ գործ ունենալ կարո՞ղ ենք, գուցե կողմ եք Մաքսային միությա՞նը:
- Ես արդեն ասացի, որ Ռուսաստանին դիտարկում եմ որպես ստրատեգիական դաշնակից` Իսլանդիայից մինչև Չուկոտկա իրական Եվրոպական քաղաքակրթական ամբողջականություն ձևավորելու հարցում: Ես գիտեմ՝ ինչքան արդյունավետ է խորքային աշխատանքը Ռուսաստանի հետ: Պատերազմի տարիներին այդ աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք, ներգրավելով Հեյդար Ալիևին, Սուրեդ Հուսեյնովին և մի շարք այլ ադրբեջանական գործիչների, փորձել ձևավորել նոր Ադրբեջան, որտեղ բոլոր ժողովուրդները կապրեն ազատ, հավասար և համագործակցության մեջ՝ մաս կազմելով նույն ձևով կառուցված միասնական Անդրկովկասին: Թուրքիայի քայլերն՝ այս բանը թույլ չտալու և «Մեղրիի տարբերակը» Նախիջևանի տարածքից իրականացնելու փորձը խափանվեց մի կողմից՝ Հայաստանի խնդրանքով ռուսական բանակի Զանգեզուր-Նախիջևանի սահման մուտքով, մյուս կողմից՝ հայկական բանակին անհրաժեշտ մեծ քանակով զենք և զինամթերք տրամադրելով: Նոր Ադրբեջանի և նոր Կովկասի ծրագրերը մոտ էին իրականացմանը, սակայն խափանվեցին ԱՄՆ-ի կոպիտ միջամտությամբ, որը դրանում տեսավ իր շահերի համար սպառնալիք: Այսօր մեծ վտանգ է և մեծ բացթողում Հայաստանի համար, որ չկա ոչ մի կառույց՝ Ռուսաստանի հետ հավասար և խորքային համագործակցություն իրականացնող, իսկ համատարած հայհոյանքը Ռուսաստանի հասցեին, որ հիմա տիրում է Հայաստանում, հսկայական սպառնալիք է ստեղծում մեր երկրի համար:
- Պարոն Մանուչարյան, Ձեր վերջին ասուլիսի հայտարարություններից հետո շատ մեկնաբանություններ հնչեցին, թե Դուք «Ռուսաստանի մարդն» եք:
- Անգլիայի մարդ, Ֆրանսիայի, Ամերիկայի, Իսրայելի... Իրոք, Հայաստանը լի է նման մարդկանցով: Բայց ոնց եղավ, որ մարդիկ, որոնցից շատերը, ունենալով հարգի անցյալ, երկրին ու ժողովրդին անուրանալի ծառայություններ մատուցած, մեկ էլ ու մոռացան այդ ամենը՝ կամովի դառնալով գործիք օտարի ձեռքին, դառնալով նրա կամակատարը, ուրանալով հայրենիքին, հարազատներին, ընկերներին և առաջին հերթին՝ իրենք իսկ իրենց: Պարզվում է, մի շատ պարզ պատճառով՝ մարդկությունը ստեղծել է մոգական մի ուժ, գերթմրադեղ, գերաստված, որի մոգական ազդեցության ներքո քչերն են դիմանում՝ Փողը և նրա անբաժանելի մաս Իշխանությունը աշխարհի բոլոր ծայրերում, և մեզ մոտ ծնկի բերեցին թե՛ հերոսների, թե՛ առաջնորդների, թե՛ զորավարների... Այնպես որ իրականում չկա Անգլիայի, Ֆրանսիայի և այլնի մարդ: Կա միայն մեկ՝ Փողի մարդ (չնայած արդեն փաստորեն մարդ էլ չի՝ խամաճիկ), որն, իրեն շրջապատող ողջ բազմազանությունը փողի է վերածում՝ Անգլիայի, Ֆրանսիայի և այլնի միջոցով:
Դե իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, քանի որ երկիրը ամենամեծն է աշխարհում, ապա նրա մարդը Հայաստանում երկրի ամենահարուստն է, նախկինում եղել է ամենահարգվածներից մեկը, հետո Ֆրանսիայում «փող-դասընթաց ուսանելուց» հետո կատարել հանրապետության դեմ խոշորագույն ոտնձգությունները՝ ստեղծել համատարած կողոպուտի կրիմինալ-օլիգարխիկ համակարգը, փաստորեն վերացրել պետությունը՝ վերածելով այն մի կողմից` կողոպուտի, մյուս կողմից` օտարի կամքը իրականացնող գործիքի: Նա է գլխավոր ներքին պատասխանատուն հանրապետության դեմ ուղղված երկու ամենավտանգավոր, քայքայիչ գործողությունների՝ «Մեղրիի տարբերակի» և Մարտի 1-ի: Ավելի քիչ հայտնի է լայն հասարակությանը Արևմուտքի թելադրանքով ադրբեջանահայերի մուտքի և բնակեցման փաստացի արգելումով ազատագրված տարածքներում: 2008-ին, ըստ ամենայնի, Ֆրանսիայի թույլտվությամբ, հայտ ներկայացրեց «Ռուսաստանի մարդ» թափուր տեղի համար և իհարկե՝ հաղթեց, որովհետև Ռուսաստանի կառավարող շրջանակներում էլ ոչ պակաս փողի մարդիկ կան, որոնք ջերմորեն նրան ընդունեցին: Հաշվի չառան անգամ այն, որ վերը նշվածից շատ-շատ բաներ, հատկապես «Մեղրիի տարբերակը», նույնքան քայքայիչ էր Ռուսաստանի համար, որքան` Հայաստանի:
Այս մարդը արդեն 15 տարի է խիստ վտանգավոր է դարձել Հայաստանի, իր շրջապատի, ինքն իրեն համար: Չնայած բոլոր հորդորներին, բոլոր ձեռնարկված քայլերին՝ նա ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ քաղաքական ասպարեզից, պատրաստ է ամեն ինչ ոչնչացնել փողի և իշխանության համար: Այս պահին այդ խնդիրը լուծելու ամենակարճ, արդյունավետ և համեմատաբար անվտանգ միջոցը հեղինակավոր մի հանձնախմբի կողմից (կա՛մ լրագրողական, կա՛մ հասարակական) անհապաղ հետաքննության իրականացումն է՝ պարզելու համար հետևյալ հարցերը.
1. Ի՞նչ է «Մեղրիի տարբերակը», ո՞վ է այն առաջ քաշել, ո՞վ է այդ ծրագրում ներգրավված եղել և այն ղեկավարել Հայաստանում:
2. Ո՞վ է արգելել փախստականների մուտքը և բնակեցումը ազատագրված տարածքներ:
Այս 2 հարցերին պատասխանելով՝ դուք կստանաք և՛ հոկտեմբերի 27-ի հիմքում ընկած դրդապատճառների և իրական կազմակերպիչների ուրվագծերը, և՛ մարտի 1-ի գլխավոր կազմակերպչի ոչ միայն անունն ու ազգանունը, այլև, ցանկության դեպքում` հասակն ու աչքերի գույնը:
Ավարտելով՝ ցանկանում եմ ինտերնետ տարածքում բազմաթիվ քննարկումներ ծավալող մեր երիտասարդությանը, մտավորականությանը հայտնել նաև, որ նման հարցերի պատասխանները կոչված են ապահովելու երկու հանգամանք՝ պայմաններ ապահովել մեր բոլորիս կյանքի կարևորագույն նախագծի՝ իրական Հայաստանի, ճշմարիտ Հայաստանի կայացման համար և մոլորակի այլ ժողովրդների հետ միասին կյանքի կոչել իրենց ինքնությունը ձեռք բերած, արտաքին մանիպուլյացիաներից ազատված, միմյանց հետ սերտ համագործակցող ժողովուրդների ներդաշնակ աշխարհը։
Իսկ դրա համար պետք է սովորել խորը նայել այդ խնդիրներին, պետք է խիստ պատասխանատու և լուրջ լինել և իմանալ, որ փայլուն ելքեր կան ցանկացած անհուսալի թվացող իրավիճակում և ճակատագրական ծանր հետևանքներ, եթե սխալվենք:
Կից նյութը`այստեղ