Ազգային ժողովում եղել են շատ լարված օրեր: Եղել է, որ լիագումար նիստերի դահլիճում պատգամավորները բղավել են իրար վրա, նեղացրել են իրար, եղել է, որ պատգամավորները հարցազրույցների միջոցով են իրար շատ կոպիտ հակազդել, բայց եթե չի եղել անձնական թշնամանք, իսկ քաղաքական գործիչը պետք է դա իր գործում իսպառ բացառի, ապա բոլոր այս դեպքերում մարդիկ միջանցքներում և հարցազրույցներից հետո նորմալ շփվել են, աշխատել են աշխատանքային խմբերում, գործուղումների ժամանակ, օգնել են իրար, սուրճ են խմել ու կատակներ են արել, ու սա է ինձ համար ընդունելի աշխատաոճն ու գործնական/մարդկային հարաբերությունները: Եվ սա երբեք ինձ չի կաշկանդել՝ ասելու այն, ինչ կարծում եմ, որ պետք է ասեմ և նաև հարգել եմ, երբ ուրիշներն էլ շարունակել են անկաշկանդ գործել: Մեր քայլերթի օրից սկսած երբե՛ք չեմ ասել, տարածել կամ հավանել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող բովանդակություն՝ որևէ պատգամավորին վերաբերող: Համբերատար սպասել եմ, որ անցնի բարկության ու անհանգստության ալիքը՝ հույսով, որ կդադարի վիրավորանքների տարափը: Երբ զայրույթ է, ես դեռ կարող եմ հասկանալ, բայց երբ մարդկանց վիրավորելը վերածվում է առօրյա զվարճանքի և անձնական բավարարվածության աղբյուրի, ուրեմն՝ նման բան անողները պետք է մտահոգվեն առաջին հերթին իրենց առողջության, հետո նաև, առհասարակ, իրենց հարաբերությունների որակի, բառապաշարի և այս ամենից բխող հետևանքների մասին: Խնդրում եմ իմ ընկերներին դադարել տարածել ու հավանություն տալ նմանատիպ բովանդակությանը, հակառակ պարագայում դուք միմիայն ձեր մասին եք ինձ մոտ կարծիք ձևավորում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել