#Made in Armenia. այսպես է կոչվում BlogNews.am-ի նոր նախագիծը, որը պատմելու և բացահայտելու է Հայաստանից դուրս ապրող հայերին, ովքեր իրենց մասնագիտության մեջ հաջողություններ են գրանցել: Մեր նախագծի առաջին հերոսուհին plus size մոդել Նաիրան է, ով բնակվում և իր գործունեությունը ծավալում է Տաշքենդում: Մոդելն այս շրջանում հայրենիքում է և իր առաջին քայլերն է անում հայկական մոդելային ասպարեզում: Ասում է՝ բարդ է, քանի որ Երևանում plus size մոդելի պահանջարկ չկա, և այս ոլորտում նա միակն է: Սա պատմություն է մի աղջկա մասին, ով գեր լինելն ընդունեց ոչ թե որպես թերություն, այլ այն որպես առավելություն ծառայեցրեց գումար վաստակելու համար:
Նաիրան 29 տարեկան է, ծնվել է Տաշքենդում: Չափսերն են՝ կուրծք՝ 120 սմ, գոտկատեղ՝ 110 սմ, կոնք՝ 136 սմ:
- Ինչպես շատ աղջիկներ, դու նույնպե՞ս երազել ես մոդել դառնալու մասին, ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ։
- Ես որոշեցի մոդել դառնալ այն ժամանակ, երբ բոլորն ինձ համոզում էին նիհարել: Ասում էին՝ դու գեր ես, տգեղ, նստիր տանը և դուրս մի արի, որպեսզի քեզ ոչ ոք չտեսնի: Ես ինձ, իհարկե, հավանում էի, բայց երբ մարդիկ բացասական էին արտահայտվում, ես սկսում էի ինձ չհավանել, և ինքնագնահատականս ընկնում էր: Հետո համացանցում տեսա ամերիկացի մոդել Էշլի Գրեհեմին և մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ, իսկ ինչո՞ւ ես չեմ կարող այդպես: Ընդունվեցի մոդելային դպրոց, կարճ ժամանակում ինձ սկսեցին հրավիրել հագուստի գովազդի նկարահանումների, մասնակցել եմ բավականին շատ հաղորդումների, զբաղվում եմ նաև առողջ սննդակարգի գովազդով: Քանի որ իմ հետևորդների մեծամասնությունը գեր կանայք և աղջիկներ են, մեկն ուզում է նիհարել, մյուսն էլ՝ պահպանել կազմվածքը, ես փորձում եմ երկուսի խմբին էլ օգնել, որպեսզի նրանք հասկանան՝ գեր լինելը տգեղության չափանիշ չէ, պետք չէ դրանից քաշվել:
Ինձ դուր էր գալիս, երբ մոդելներին շպարում էին, երբ նրանք նստում էին, իսկ մասնագետները գեղեցկացնում էին նրանց: Հիշում եմ՝ երբ սկսեցի նկարահանվել, մի ձեռքս մատնահարդարում էին, մյուս մասնագետը դիմահարդարում էր ինձ, մյուսն էլ՝ վարսահարդարում: Դա, իհարկե, հաճելի է, բայց իրականում բավականին բարդ աշխատանք է:
- Հայկական ընտանիքում ես ծնվել, մեծացել: Հետաքրքր է, ծնողներդ ինչպե՞ս ընդունեցին որոշումդ։
- Հայրս Ուզբեկստանի հայկական համայնքի ներկայացուցիչ է, և նրան հաճախ էին ասում՝ տեսել ես՝ ինչպես է լուսանկարվում դուստրդ։ Իհարկե, ինձ վրա բարկանում էին ծնողներս, ասում, որ իրենց նման մոդել պետք չէ: Հիմա հաշտվել են այդ մտքի հետ և հասկանում են, որ սա իմ մասնագիտությունն է, իսկ ես չափերը երբեք չեմ անցնում:
- Մի քանի ամիս է՝ բնակվում ես Երևանում։ Ինչպե՞ս ընդունեցին քեզ հայրենիքում: Հաշվի առնելով, որ Երևանում չկա plus size մոդելի պահանջարկ, ինչպե՞ս ես պատկերացնում այստեղ քո գործունեությունը:
- Երբ որոշեցի տեղափոխվել Հայաստան, մոդելային բոլոր գործակալություններին ուղարկեցի լուսանկարներս: Ես գիտեի, որ այստեղ ինձ գրկաբաց չեն սպասում, և պատկերացրեք՝ այդ չորս գործակալություններից միայն մեկը պատասխանեց, որ գուցե պատվիրատուները ցանկանան համագործակցել ինձ հետ: Հետո գնացի քասթինգի, և ինձ հրավիրեցին նկարահանվելու Գրիգոր Եսայանի տեսահոլովակում, որից հետո առաջարկեցին սիթքոմում նկարահանվել։ Չնայած իմ կերպարը համապատասխանում էր, բայց ինձ չընտրեցին, քանի որ չէի կարողանում հայերեն կարդալ: Հիմա առաջարկ ունեմ նկարահանվելու հագուստի խանութի գովազդում, որը ներկայացնելու է մեծ չափսի հագուստ: Երևանում բավականին քիչ են վճարում։ Տաշքենդում երկու ժամվա ֆոտոսեսիայի համար վճարում էին 100 դոլար, իսկ Երևանում՝ 19 ժամի համար՝ 25.000 դրամ: Մոդելի աշխատանքն Ուզբեկստանում ավելի զարգացած է, քան Հայաստանում, այսինքն՝ Երևանում անգամ նման մոդելներ չկան:
- Հայտնի է, որ հայերի արձագանքը բավականին սուր է լինում։ Քո դեպքում դա ինչպե՞ս արտահայտվեց։
- Վատ մեկնաբանություններ իմ մասին հիմնականում գրում են համացանցում, oրինակ՝ ասում են՝ ավելի լավ է քիչ ուտեիր, քան մոդել դառնայիր: Շատ հայեր էլ ինձ անվանում են մարմնավաճառ, երևի որ բաց լուսանկարներ եմ հրապարակում, բայց դա իմ աշխատանքն է, ներքնազգեստ գովազդելն էլ համարվում է նորմալ, իսկ հայերը երբ տեսնում են նման լուսանկարներ, սկսում են վիրավորել ինձ: Իհարկե, չարախոս մարդիկ ինձ չեն կարող կոտրել նպատակիս հասնելու ճանապարհին։ Ուզում եմ մեկնել ԱՄՆ և դառնալ հայտնի plus size մոդել: Երևանում գուցե մենթալիտետն է այդպիսին, որ ինձ չեն հասկանում, բայց չեմ կարծում, որ ինչ-որ ձև խայտառակում եմ իմ ազգին:
- Ասում են` plus size մոդելները շատ հաջող են երևում լուսանկարներում բացառապես ճիշտ դիրքի շնորհիվ, հաճախ էլ՝ ֆոտոշոփի արդյունքում: Այդպե՞ս է։
- Կան դիրքեր, որոնք պետք է ճիշտ անել։ Չես կարող սխալ դիրքով կանգնել, քանի որ կարող են ծալքեր երևալ, չես կարող խաչաձև քայլել, քանի որ հարմար չէ: Իրականում ամենակարևորը դեմքն է, այն պետք է գեղեցիկ դուրս գա: Չգիտեմ՝ տղամարդիկ ինչպես են վարվում, բայց գրեթե բոլորն առաջին հերթին նայում են դեմքին, հետո՝ արդեն չափսերին:
- Մոդելներից պահանջո՞ւմ են նիհարել ֆոտոսեսիաներից առաջ, մարզվո՞ւմ ես։
- Plus size մոդելները հիմնականում ուժային վարժություններ են անում, ոչ թե նիհարեցնող: Դու պետք է ֆիզիկապես ուժեղ լինես, քանի որ յուրաքանչյուր ֆոտոսեսիա բարդ աշխատանքն է: Օրինակ՝ պատվիրատուն կարող է ասել՝ մի ոտքի վրա կանգնիր կամ շպագատ նստիր: Ինչ վերաբերում է ուտելիքին, եթե շատերը կարող են իրենց թույլ տալ երեկոյան մի կտոր տորթ ուտել, ապա մենք պետք է խիստ հետևենք մեր սննդակարգին, քանի որ հակված ենք գիրանալու:
- Ո՞ր դեպքում ես հրաժարվում նկարահանվելուց։
- Կա հագուստ, որը երբեք չեմ գովազդի, և կա մերկության չափ, որի սահմանը չեմ անցնի: Իհարկե, եթե մի ժամի համար ինձ վճարեն 500 դոլար, ես կարող եմ անգամ մերկ նկարահանվել: Հիշում եմ՝ ժամանակին որքան էի ամաչում լուսանկար հրապարակելուց, որտեղ երևում էին միայն իմ ծնկները, վախենում էի՝ ինչ կասեն մարդիկ: Մեկ տարի անց ես արդեն ունեի ֆոտոսեսիա ներքնազգեստով, արդեն չէի ամաչում, այնտեղ ամբողջ մարմինս էր երևում: Երբ նայում եմ այդ լուսանկարներին, հասկանում եմ, որ դա նորմալ է: Երբ նոր էի սկսում, ինձ բազմաթիվ աղջիկներ էին գրում, շատերը պատմում էին իրենց կոմպլեքսների մասին, անգամ այնպիսի աղջիկներ կային, ովքեր ուզում էին ինքնասպան լինել, որովհետև նրանց ծաղրում էին: Ես ինքնասպան լինելու ցանկություն երբեք չեմ ունեցել:
- Մոդելային կարիերայում անկողինը հարց լուծո՞ւմ է, թե՞ կարևորը տեսքն ու կառուցվածն են:
- Պատվիրատուի հետ շփումից դու հասկանում ես՝ դիմացինդ այլանդակ է, թե պրոֆեսիոնալ: Երևանում արդեն երեք անգամ ներքնազգեստ գովազդելու առաջարկ եմ ստացել, բայց երբ հերթը հասնում էր մանրամասնություններին, ինձնից պահանջում էին ուղարկել մերկ լուսանկարներ, որպեսզի տեսնեին՝ համապատասխանում եմ իրենց պահանջներին, թե ոչ: Իհարկե, նման առաջարկներից հասկանում ես, որ գործ ունես խաբեբաների հետ: Լուսանկարիչներն էլ բացառություն չեն: Իմ առաջին ֆոտոսեսիայի ժամանակ ծանոթացա մի լուսանկարչի հետ, ով, ի դեպ, տասներկու տարվա փորձ ուներ։ Նա փորձեց անթույլատրելի վարք ցուցաբերել, ես էլ ասացի՝ վերջ, հաջողություն: Պատկերացնո՞ւմ եք, նա ինձ լուսանկարները չուղարկեց, քանի որ մերժեցի նրան:
Հիմա, կարծում եմ, ամեն ինչ բաց է․ ծանոթանում ես պրոդյուսերի հետ, ումից կախված է քո կարիերան, նա քեզ միանգամից ասում է՝ քնիր ինձ հետ, իսկ ես քեզ կօգնեմ: Մնացածն արդեն դաստիարակությունից և խղճից է գալիս: Երբ ես նոր-նոր էի սկսում, Մոսկվայում ծանոթացա մի պրոդյուսերի հետ, ով ինձ ասում էր՝ պետք չէ քեզ մոդելի աշխատանքը, քիչ են վճարում, արի քեզ ֆիլմում նկարահանեմ: Սկզբում ինձ հրավիրեց ընթրելու, մերժեցի՝ ասելով, որ ես ուզում եմ մոդել դառնալ և ինձ դերասանի կարիերան չի հետաքրքիրում: Երբ նոր էի սկսում, հստակ որոշել էի, որ ամեն ինչին ինքս եմ հասնելու: Իհարկե, կա կարծրատիպ, որ ամեն ինչ լուծում է անկողինը, բայց իրականությունն այլ է: Համաձայն եմ՝ անկողնային տարբերակով ավելի արագ է, հեշտ, բայց երբ ինքդ ես քայլ առ քայլ դրան գնում, դա երբեք չես փոխի ոչնչի հետ:
- Կարծրատիպ կա, որ հաճախ մարդկանց դատում են իրենց հրապարակած բաց լուսանկարներով: Բախվե՞լ ես արդյոք այդ խնդրին։
- Այո, իմ դեպքում էլ է այդպես: Մարդիկ չգիտեն, որ ես համեստ եմ, պարկեշտ: Կարող են նայել իմ լուսանկարները և մտածել, որ բավականին ազատ մարդ եմ: Հիմնական խնդիրները լինում են տղամարդկանց հետ։ Օրինակ՝ կարող են ասել՝ ինչ ուզում ես, կգնեմ քեզ համար, ուղևորության տոմսեր կնվիրեմ, բայց երբ չես պատասխանում, սկսում են վատ բաներ գրել: Ես ինձ ավելի շատ սիրում եմ որպես ուժեղ մարդու։ Չեմ սիրում, երբ ինձ ասում են՝ ինչ սեքսուալ ես, ինչ գեղեցիկ հետույք կամ կուրծք ունես: Ես ինձ սիրում և հարգում եմ, որ իմ կյանքում նպատակ ունեմ, սիրում եմ իմ ներքին հատկությունների համար,և ամենակարևորը, որ հաջողություններս ինձ գոռոզ անձնավորություն չեն դարձրել:
- Որն ես համարում քո ամենամեծ հաջողություններից մեկը։
- Իմ լուսանկարները հայտնվել են մի կայքում, որտեղ հրապարակում են աշխարհում ամենահայտնի plus size մոդելներին: Ես երազում էի այնտեղ հայտնվելու մասին: Բազմիցս ուղարկել էի լուսանկարներս, բայց չէին արձագանքում։ Մեկ տարի անց ես նրանց կրկին ուղարկեցի իմ լուսանկարները, և վայրկյաններ անց նրանք արձագանքեցին, հրապարակեցին դրանք, և այդպես ես հայտնվեցի այդ կայքում:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի