Newspress.am-ը գրում է.
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով այսօր կնշանակվի Սյունիքի մարզպետ, իր նշանակման հետ կապված քննադատություններին նորմալ է վերաբերվում: Այդ մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Պողոսյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Պողոսյանին որակում են իբրև «հին ռեժիմին ծառայած» մարդ, գեներալ-լեյտենանտը պատասխանեց, որ դրանք ստրկամիտ մարդիկ են, և իրենք կարող են այդպես մտածել. «Ես ծառայում եմ օրենքին, ժողովրդին եմ ծառայում»:
Հունան Պողոսյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչու է որոշվել նախկինում ուժային կառույցում ծառայած անձին մարզպետ դարձնել:
Մեկնաբանելով իր՝ պաշտոնից հեռանալուց արած հայտարարությունը՝ ենթատեքստեր չփնտրելու մասին, Պողոսյանն ասաց, որ սխալ ընկալում է եղել, և դա չի նշանակել, թե ինքը հեռանում է նախկին իշխանության հետ միասին. «Սխալ եք ընկալել, որովհետև ես այդ պաշտոնում 8 տարի պաշտոնավարել եմ: Ինձ կարճ դադար էր պետք. կարճ դադարը եղավ: Դրանից հետո մեծ սիրով ընդունել եմ այդ առաջարկը»,- ասաց նա՝ հավելելով, որ ազատման դիմում գրելու ժամանակ որևէ պայմանավորվածություն չի եղել նոր իշխանությունների հետ:
«Ես նոր Հայաստանի կողմնակից եմ»,- ասաց Պողոսյանն՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է պատկերացնում նոր իշխանության հետ աշխատանքը՝ լինելով նախկին իշխանության հետ աշխատած պաշտոնյա: