Armtimes.com-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 15-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է Հանրապետական կուսակցության՝ թվով 56 անդամատոմս։ Այս մասին հայտնել էր ԵՊԼՀ ուսանող, քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նազարյանը:

Հայտնաբերված 56 կուսակցական անդամատոմսերից 5-ն ընդհանրապես կապ չունեն ԵՊԼՀ-ի հետ, իսկ մնացած 51 անդամատոմսերը 2012 թվականի են, որոնց տերերն արդեն ավարտել են բուհը:

Այդ տարիներին ԵՊԼՀ ՈւԽ նախագահ է եղել ՀՀԿ երիտասարդական հիմնադրամի քարտուղար Աստղիկ Ափյանը: Ինչպես մեր զրույցում նշեց Միքայել Նազարյանը՝ Աստղիկ Ափյանի կուսակցական պատկանելությունը գատնիք չէ՝ խորհրդարանական ընտրություններին նա եղել է ՀՀԿ համամասնական ցուցակում:

Միքայել Նազարյանը ասաց, որ հնարավոր է՝ անդամատոմսերի տերերը որպես այդպիսին ՀՀԿ անդամ չեն էլ հանդիսացել: Անդամատոմսերն ուղղակի ձեւական են եղել, բայց, ինչպես ասաց մեր զրուցակիցը, ավելի հավանական է, որ դրանք ստացել են այն ուսանողները, ովքեր ցանկացել են լինել ուսանողական խորհրդի նախագահ, անդամ, կամ կրթաթոշակներ ստանալ Երիտասարդական հիմնադրամից, որն, ի դեպ, տնօրինել է ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը:

Ընդ որում, անդամատոմսերը գտնվել են պատահաբար: Ս. թ. մայիսին՝ ԵՊԼՀ ՈւԽ-ն ցրելուց հետո, ՈւԽ հաշվեկշռին գտնվող գույքի հարցն է առաջ եկել: Այդ գույքը սպասում էին գտնել չհրկիզվող պահարանում: ԵՊԼՀ ուսանողն ասաց, որ իրենք տեղեկություններ են ունեցել, ըստ որոնց՝ այդ չհրկիզվող պահարանում եղել է նաեւ որոշակի տեխնիկա՝ համակարգիչներ եւ այլն, որոնք պետք է լինեին ուսանողների տրամադրության տակ: Եւ քանի որ չհրկիզվող պահարանի բանալին ունեին միայն 2012 թվականի ՈՒԽ անդամները, ստիպված են եղել պահարանը էլեկտրական անկյունահղկիչով (болгарка) բացել:

Նազարյանը հավելեց, որ իրականում էական չէ, թե քանի անդամատոմս է եղել, կամ ինչ նպատակով են դրանք տրվել: Կարեւորն այն է, որ այս ամենն ապացուցում է, որ համալսարանը եւ ուսանողները տարիներ շարունակ հանդիսացել են ՀՀԿ քարոզչամեքենայի գործիքը:

Խոսելով հաջորդ քայլերից՝ Նազարյանը նշեց, որ իրենք պատրաստվում են անդամատոմսերի տերերի հետ հանդիպել, որպեսզի հասկանան՝ ով ինչ նպատակով էր ստացել այդ տոմսերը: Նազարյանը նշեց, որ իրենք այժմ պատրաստվում են ՈւԽ անցումային խորհուրդ ձեւավորել, որպեսզի նոր ընտրություններ անկացվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել