Չգիտեմ` ո՞վ է արտաքին քաղաքականության հարցերում մեր սիրելի վարչապետի խորհրդականը, բայց կարծում եմ` շատ թույլ, հետևաբար չափազանց վտանգավոր է «Ղարաբաղը Ադրբեջանի մաս է և վերջ» ալիևյան թեզին հակադարձելու Նիկոլ Փաշինյանի կռվանը: «Ինչպե՞ս կարող է Ղարաբաղն Ադրբեջանի մաս կազմել, եթե Ադրբեջանը չի ցանկանում անգամ խոսել Ղարաբաղի հետ»,- ասում է Փաշինյանը: Իսկ եթե խոսեց, ապա ի՞նչ, ապա կարո՞ղ է…
Ենթադրենք՝ մի օր Ադրբեջանում իշխանափոխություն տեղի ունենա, ու իշխանության գան ազատական, ժողովրդավարական ուժեր, ում համար մարդիկ, անկախ ազգային պատկանելությունից, նույնն են, ում համար ադրբեջանական նավթից ստացված միլիարդավոր դոլարներն Ադրբեջանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ նաև ղարաբաղցիներին են պատկանում, կամ, ասենք, հենց ինքը՝ Ալիևը, մի օր ասի, որ գիշերը երազում իրեն այցելության է եկել իր սիրասուն հայրիկն ու մի լավ քաշելով իր ականջները՝ կարգադրել է.
«Հենց վաղը կգնաս ու ներողություն կխնդրես հայ ժողովրդից: Ես չեմ կարողանում հանգիստ ննջել, երբ իմանում եմ, որ դու դեռ չես հաշտվել դարերով մեր կողքին ապրած մեր եղբայրների հետ, չես սկսել իմ երազած ընդհանուր կովկասյան տան կառուցումը: Թող թե՛ հայ և թե՛ ադրբեջանցի փախստականները վերադառնան իրենց տները և թող հավիտենական խաղաղություն հաստատվի հինավուրց պատմություն ունեցող մեր երկու ժողովուրդների միջև, և թող բարգավաճող ու ծաղկող Ղարաբաղը լինի մեր դարավոր եղբայրության խորհրդանիշը: Մոռացեք ամեն բան և հարաբերությունների նոր էջ բացեք, եղբայրության, այլ ոչ հակամարտության մի նոր էջ: Ի հաստատումն եղբայրության և ապահովության հաստատման քո խոսքերի՝ երկու-երեք միլիարդ դոլար կհատկացնես Ղարաբաղի և հարակից տարածքների բարեկարգմանն ու զարգացմանը և Ղարաբաղի բնակիչներին էլ կտաս ինքնավարության այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք որ աշխարհը դեռ չի տեսել և ինչի մասին ղարաբաղցիք չեն էլ երազել»: Ահա այս ձևով կլուծվի տարածքային ամբողջականության և ղարաբաղցիների ազատ ինքնորոշման իրավունքի միջև առկա հակասությունը, և եթե ղարաբաղցիները հակադրվեն, ապա նրանք «համաշխարհային հանրության» կողմից կլինեն մերժված ու դատապարտված:
Թուրքերի աստվածը, սկսած գոնե 1988-ից, միշտ մեր կողմից է եղել, և Նա այսպիսի ընթացք թույլ չի տա: Բայց մենք պարտավոր ենք հաշվի առնել բոլոր, անգամ ամենաանհավանական զարգացումները և իրադարձությունների այսպիսի ընթացքին էլ պիտի պատրաստ լինենք նախապես և ոչ թե տեղում որոշենք, թե ինչ պատասխան ենք տալու ադրբեջանցիներին, միջազգային հանրություն կամ Մինսկի խումբ կոչված հաստատություններին: