Լուսային շքեղ էֆեկտներ, բեմադրված պարային նոր համարներ, պրեմիերաներ և ջերմ հանդիսատես.  հոկտեմբերի 7-ին Ամերիկայի «Դոլբի» թատրոնում կայացավ Նորոյի առաջին մենահամերգը: Երգիչն արդեն տասը տարի է՝ բնակվում է Միացյալ Նահանգներում. խոստովանում է՝ եկել է ոչ թե հոլիվուդյան երազանքի, այլ իր մեծ սիրո և իր ապագայի հետևից: «Հայրենիքից հեռու դժվար է, բայց ճակատագրից չես փախչի»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Նորոն։

Ամենահեղինակավոր «Դոլբի» թատրոնում մենահամերգ ունենալը երգչի համար երազանք էր. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստի համար երազանք է ելույթ ունենալ նման համերգասրահում: «Դոլբի» թատրոնն իսկական հոլիվուդյան երազանք է, ես երջանիկ եմ, որ այն կատարվեց»:   

Շատ արտիստներ չեն շտապում մենահամերգ ունենալ, միշտ պնդում են, որ անելիս այն պետք է շատ տպավորիչ լինի․ Նորոն ևս բացառություն չէր. «Լինելով իմ անձի հանդեպ շատ խստապահանջ մարդ և անցնելով դժվար ու երկար ճանապարհ՝ պարտավոր էի երկար մտածել այս քայլն անելուց և որոշումներ կայացնելուց առաջ: Ես իմ կողքին ունեմ պրոֆեսիոնալ թիմ՝ հանձինս իմ պրոդյուսերների՝ Արթուրի և Բինայի, ովքեր այս ճանապարհն անցել են շատ արտիստների հետ, և ես վստահեցի նրանց: Կարող եմ վստահ ասել, որ սա այն մենահամերգն էր, որի մասին երազում էի, իմ մտքում և սրտում հենց այսպես եմ պատկերացրել այն»:

Նորոն մենահամերգի ժամանակ կատարել է արդեն սիրված և հայտնի երգերը, դուետ Արմինկայի և ուկրաինացի երգչուհի Ջուլիա Բրայի հետ: Երեկոյի ընթացքում եղել են նաև պրեմիերաներ: Երգիչը նշում է, որ պլանավորում է այս համերգային ծրագրով ներկայանալ այլ քաղաքներում. «Մեծ նպատակ ունեմ նույն մենահամերգով, նույն թիմով և նույն ծրագրով ներկայանալու նաև Հայաստանում ու Ռուսաստանում: Հուսով եմ՝ երկար սպասեցնել չեմ տա»:     

Համերգի բեմադրող-ռեժիսոր Արթուր Մանուկյանը նշում է, որ առաջին անգամ չէր աշխատում «Դոլբի» թատրոնում և, առհասարակ, սա առաջին մենահամերգը չէ, որի վրա աշխատում է. «Յուրաքանչյուր արտիստ և յուրաքանչյուր մենահամերգ հատուկ վերաբերմունք է պահանջում, ուրիշ գույն և ձև է ունենում: Առհասարակ, Նորոն շատ հետաքրքիր է իր տեսակով, խառնվածքով և երգացանկով: Միացյալ Նահանգներում, իհարկե, ավելի դժվար է համերգին նախապատրաստվելը, ես այստեղ էի մոտ երկու ամիս, գրեթե երեք ամիս էլ աշխատել եմ Երևանից»:

Արթուրը նշում է, որ ցանկացել են պարզապես գեղեցիկ, որակով երեկո կազմակերպել. «Չկար նպատակ որևէ մեկին զարմացնելու, այն էլ՝ այս երկրում, այն էլ՝ այդ համերգասրահում, որ ամիսներ հետո Օսկար մրցանակաբաշխությանն է նախապատրաստվելու: Կար միայն ցանկություն որակյալ համերգ կազմակերպելու՝ Նորոյի երգերին համահունչ»։

Հարցին՝ ի՞նչ պահանջներ ունեն ամերիկաբնակ հայերը, և ի՞նչ են ուզում տեսնել հայաստանաբնակները, Արթուրը պատասխանում է. «Ես, իհարկե, պաշտում եմ երևանյան հանդիսատեսին. որևէ երկրում ավելի կիրթ ու ազնիվ հանդիսատես չկա, քան երևանյան հանդիսատեսն է: ԱՄՆ-ի հանդիսատեսի մոտ կա կարոտ, թախիծ, որոշ դեպքերում էլ՝ անտարբերություն, չէ՞ որ այստեղ ամեն օր կարող ես ներկա գտնվել Վեգասի ամենահզոր շոուներին»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել