ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հոկտեմբերի 11-ին ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության հրապարակում կազմակերպված գալա համերգին: Գալա-համերգին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն քաղաքական և հոգևոր ղեկավարությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ելույթներով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ներկայացվել է հայ կոմպոզիտորական արվեստը։ Հնչել են` հատված Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայից, «Ուզուն դարա»-ն, «Սուսերով պարը» (ջազային մշակմամբ), «Դիմակահանդեսը», հատված Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայից, Գրիգոր Եղիազարյանի «Ձկնորսների պարը» «Սևան» բալետից, հատված Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայից։ Սիմֆոնիկ նվագախումբը կատարել է նաև «Քոչարի» պարեղանակը, հնչել է նաև«Դլե յամանը»՝ դուդուկահար Ջիվան Գասպարյանի կատարմամբ։ Գալա համերգի ավարտական մասը նվիրվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին է նվիրել Մակրոնի՝«Հեղափոխություն» գրքի հայերեն թարգմանված տարբերակը: Գիրքը հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին ընդառաջ՝ պետական աջակցությամբ: