Armenpress.am-ը գրում է.

Այսօր Երևանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը։ ՖՄԿ գագաթնաժողովն իր մասշտաբներով, անկախությունից ի վեր, Հայաստանում իրականացված ամենամեծ միջոցառումն է, որի շրջանակներում Հայաստան են ժամանել ավելի քան 80 անդամ պետությունների և կառավարությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 25-ից ավել պատվիրակություններ՝ երկրների ղեկավարների գլխավորությամբ։

ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացմանը Նիկոլ Փաշինյանն իր ելույթն սկսեց մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակի ոգեկոչմամբ, ինչը կարևոր ու սպասված քայլ էր՝ հաշվի առնելով Ազնավուրի մեծ ավանդը ֆրանկոֆոն մշակույթի ակտիվ տարածման գործում։

Ն. Փաշինյանն ընդգծեց Հայաստանի համար Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը կազմակերպելու կարևորությունն ու մեծ պատիվը՝ շեշտելով, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է և ընդամենը 15 տարի առաջ է որպես դիտորդ ներգրավվել  կազմակերպության աշխատանքներին, բայց իր գործնական ակտիվությամբ և ֆրանկոֆոն արժեքներին հավատարմությամբ այժմ կարողացել է հանձնառություն ստանձնել և հյուրընկալել այս կարևորագույն «իրադարձությունը» Հայաստանում։ Հատկանշական է, որ ՖՄԿ ղեկավարության ստանձնումը չի իրականացվում ռոտացիոն կարգով և Հայաստանն այս պատվին արժանացել է իր նախաձեռնողականության և ակտիվ ջանքերի շնորհիվ։

Պետք է նշել, որ միջազգային նման մեծ կազմակերպության ղեկավարության ստանձնումը Հայաստանի համար լայն հնարավորություններ է ստեղծում մեզ համար կարևորություն ունեցող խնդիրների բարձրաձայնման և համակողմանի ներկայացման տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանի ելույթից պարզ դարձավ, որ մենք արդեն իսկ կառույցի տարբեր մարմինների քննարկումների օրակարգում ներառվելու են ինչպես Հայաստանին սպառնացող մի շարք մարտահրավերներ, այնպես էլ համամարդկային նշանակության խնդիրներ, որոնց լուծումները պետք է գտնվեն բազմակողմ հարթակներում։

Վարչապետն իր ելույթում անդրադարձավ նաև ֆրանկոֆոն տարածքի հակամարտություններին և Ֆրանկոֆոնիայի ջանքերի ակտիվացման անհրաժեշտությանը՝ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման  նպատակով։ Նա ընդգծեց միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակներում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեխանիզմներին հավատարիմ մնալու կարևորությունը՝ միաժամանակ շեշտելով Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում մեր հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին։ Հավատարիմ մնալով իր կողմից բազմիցս առաջ քաշած թեզին՝ նա կարևորեց Արցախի որոշիչ մասնակցությունը հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացին։ Նա ևս մեկ անգամ անդրադարձավ Արցախի հայության ֆիզիկական անվտանգության խնդրին և շեշտեց խաղաղության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը՝ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար՝ ընդգծելով փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված հայկական կողմի ջանքերը։

Ամփոփելով կարող ենք նշել, միջազգային նման մեծամասշտաբ միջոցառման հյուրընկալումը մի կողմից մեծ նպաստ է բերում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացմանը, մյուս կողմից մեզ համար հնարավորություններ է ստեղծում համակողմանիորեն ներկայացնել ՀՀ առջև ծառացած մարտահրավերները՝ հանդես գալով դրանց հաղթահարման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նախաձեռողականությամբ (բանաձևեր, հայտարարություններ և այլն)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել