Panorama.am-ը գրում է․

Սեպտեմբերին ես հոդված էի գրել՝ քննադատելով Թրամփի վարչակազմի կողմից Միջազգային քրեական դատարանի մերժումը: Միացյալ Նահանգների այս դիրքորոշումը ես համարել էի հարգանքի բացակայություն արդարադատության և օրենքի գերակայության նկատմամբ:

Անցյալ շաբաթ Թրամփի վարչակազմը ևս երկու սկանդալային գործողություն իրականացրեց՝ ավելի ոտնահարելով միջազգային իրավունքը և խուսափելով հակամարտության խաղաղ կարգավորման իրավական լուծումից:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է 1955 թ. ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված Բարեկամության համաձայնագիրը, Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) կողմից 2018 թ. հոկտեմբերի 3-ին ընդունած միաձայն որոշումից հետո որ Միացյալ Նահանգները պարտավոր է վերսկսել մարդասիրական ապրանքների և պահեստամասերի արտահանումը Իրան, քաղաքացիական ավիացիայի անվտանգության ծառայությունների համար՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին: Դա, անշուշտ, հաղթանակ էր Իրանի համար, քանի որ նա դատի էր տվել Միացյալ Նահանգներին Միջազգային դատարանում: ԱՄՆ-ի դուրս գալը համաձայնագրից նրան դարձրեց ոչ արժանապատիվ պարտվող...

Նախագահ Թրամփը վերսկսեց Միացյալ Նահանգների պատժամիջոցներն այս տարվա մայիսին՝ Իրանի և մի քանի այլ խոշոր պետությունների հետ 2015 թ. կնքած միջուկային գործարքից դուրս գալուց հետո: Պատժամիջոցները վերաբերում էին դոլարային գործարքներին, սննդամթերքի արտահանմանը և ալյումինի ու պողպատի վաճառքին: Նոյեմբերին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կավելացնի Իրանի նավթի վաճառքի, էներգետիկ և տրանսպորտային հատվածների ու արտասահմանյան ֆինանսական գործարքների դեմ:

Դատավճռից հետո Միջազգային դատարանի նախագահ Աբդուլքավի Յուսուֆը հայտարարեց, որ «դատարանի հրամանը կիրառվում է դեղամիջոցների և բժշկական սարքերի, սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների, նաև քաղաքացիական ավիացիայի համար պահեստամասերի ու սարքավորումների նկատմամբ: Միացյալ Նահանգները պետք է նաև ապահովի, որ լիցենզիաներ և թույլտվությունները տրվեն, և որ նման ապրանքների ու ծառայությունների համար վճարումները որևէ սահմանափակման չենթարկվեն», հաղորդում է «Վաշինգտոն փոստը»:

Չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են, սակայն դրանք հարկադրելի չեն: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 3-ին Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ Իրանը «ծաղրանքի է վերածել» Բարեկամության համաձայնագիրը: Ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգներին անվանեց «օրինազանց վարչակարգ»:

Հետաքրքիր է, որ Միացյալ Նահանգները Միջազգային դատարանում դատական հայցեր է ներկայացնում այլ պետությունների դեմ, երբ այն համապատասխանում է իր շահերին։ 1979 թ. Միացյալ Նահանգները դատի տվեց Իրանի իշխանություններին՝ Թեհրանում իրանցի զինյալների կողմից ԱՄՆ դեսպանատան գրավումից հետո։ ԱՄՆ-ը շահեց այդ դատական գործը, և Միջազգային դատարանը հրամայեց Իրանին ազատ արձակել բոլոր ամերիկացի պատանդներին ու փոխհատուցում վճարել։ Զարմանալի է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը հիմա է դադարեցնում Իրանի հետ համաձայնագիրը, այլ ոչ թե 1979 թ. պատանդների հետ կապված ճգնաժամի ժամանակ…

«Վաշինգտոն փոստը» հաղորդել է, որ «անցյալ շաբաթ ՄԱԿ-ում հանդիպումների ժամանակ Թրամփը, Պոմպեոն և Բոլթոնը հանդես են եկել Իրանի դեմ և հանդիմանել այլ անդամ պետությունների և ՄԱԿ-ի մարմիններին՝ ամերիկյան շահերին չծառայելու համար: Նրանց մոտեցումը արժանացել է սառը արձագանքի: Նախագահ Թրամփի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նստաշրջանում ՄԱԿ-ի ամենաազդեցիկ կառույցի յուրաքանչյուր անդամ հանդիմանել է Վաշինգտոնին՝ խորհրդի կողմից համաձայնեցված միջուկային գործարքը մերժելու համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել