Էն «հակահեղափոխական բուրգը», որ ձևավորվում էր կամ նման փորձ էր անում, շատ արագ հասկացավ, որ չունի սոցիալական բազա, ինչի վրա կարելի է հենվել: Իսկ առանց սոցիալական բազայի հակահեղափոխություն մտմտալը վտանգավոր է, նաև՝ առողջության համար: Ի վերջո, այդ բազան անհրաժեշտ է, որպեսզի իրենց խոսքերն ու գործողությունները զանգվածային մոբիլիզացիա ապահովեն իրենց, այլ ոչ թե իրենց հակառակորդ ուժերի շուրջ: Իսկ նրանք որքան խոսում ու գործում են, այնքան ուժեղանում է այդ մոբիլիզացիան հեղափոխության շուրջը:
Էն, որ իրենք փորձում էին հանրությանը համոզել, թե հարյուր հազար միտինգավորը կամ Երևանի ընտրություններում 43 տոկոս մասնակիցների 81 տոկոսն ամբողջ հանրության տրամադրությունների արտահայտում չէ, հո գիտեին, որ դա պարզ մանիպուլյացիա է:
Իսկ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ «որսաց» պահը. նա այդ ուժերին ներքաշում է հրապարակային բանակցությունների մեջ և արդեն ստացել է նրանցից մեկի համաձայնությունն արտահերթ ընտրությունների անցկացման հարցով: Այդ սուբյեկտները, լավ հասկանալով (թեկուզ ենթագիտակցորեն) հանրային տրամադրությունները, հրապարակային մակարդակում կսկսեն կաշկանդվել այդ տրամադրություններին հակառակվող տեսակետ, դիրքորոշում արտահայտելուց՝ կանխազգալով դրա հետևանքները:
Հ.Գ. Գիլդային (փակ) էլիտաները որքան ուժեղ են լատենտային գործարքներում, այնքան էլ խոցելի են հրապարակային ձևաչափում, և նման էլիտաների չեզոքացման լավագույն ձևը նրանց հրապարակային դաշտ բերելն է: