Բազմիցս գրել եմ, որ աշխարհը կառավարում են մարդիկ, ովքեր ունեն փող և կապեր: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ոչ հանցավոր ճանապարհով, կամ նույնիսկ օրինականության հետ կապված կասկածներ հարուցող, բայց այդ գումարները Հայաստանում չաշխատած մարդկանց նեղացնել: Այսօր մեր երկրին պետք է կապիտալի հոսք։ Պետական բյուջեն, իհարկե, կաճի, բայց այն չի լինի այնքան, որպեսզի հնարավոր լինի թոշակներ ու աշխատավարձեր կրկնապատկել, այսպիսի վիճակում է մեր երկիրը, և սա փաստ է: Ի՞նչ պետք է անի կառավարությունը։ Բնականաբար, ամեն գնով սիրաշահի, խնդրի դրսի հզոր ու կայացած հայերին ներդրումներ անել Հայստանում, բայց այդ ներդրումների համար պետք են ծրագրեր ամեն համայնքի և ամեն ոլորտի հետ կապված, ինչը չկա ու չի եղել:
Երեկ լսեցի Ծառուկյան Գագիկի հարցազրույցը, ներքաղաքական հարցերը դնում եմ մի կողմ, քանզի դրանք խիստ անցողիկ են, կենտրոնացա նրա այն խոսքի վրա, որ 5000 ներդնող է հրավիրել Հայաստան, նրա ողջ խոսքի ամենակարևոր մասն ինձ համար սա է: Եթե սա ճիշտ է, ու դրա իսկությունը պետք է բացահայտի կառավարությունը՝ հրավիրելով Գագիկ Ծառուկյանին այս հարցով քննարկումների, ապա գոնե 100 ներդրումային ծրագիր եթե հնարավոր լինի կյանքի կոչել, ապա սա կլինի հսկայական օգնություն մեր երկրին: Նիկոլ Փաշնյանն առաջիկա հինգ տարիներին լինելու է թիվ 1 քաղաքական գործիչը, ասեմ ավելին՝ տեսանելի չէ մեկ այլ ուժ, ով կկարողանա հավակնել վարչապետի վստահության մակարդակի գոնե կեսին, ուստի, իմ կարծիքով, վարչապետի թիմը պետք է Ծառուկյանի հետ աշխատի որպես փող ու կապեր ունեցող մարդու և մի կողմ դնի նրա քաղաքական գործունեությունը: Տղերք, դեռ տաք ենք, էմոցիաները խեղդում են, բայց հարց լուծող մարդկանց պետք է հավաքել ու հետները լուրջ հարցեր քննարկել: Այս տրամաբանության մեջ դիտարկեք նաև մյուսներին, հենց նույն Թաթուլյանին, Պիպոյին, Կարապետյաններին և այսպես շարունակ: Այսօրվա կառավարության մեծ մասը շրջաններում ծնված մարդիկ են, գնացեք ձեր ծննդավայրեր ու տեսեք, թե ինչ է կատարվում, չկան այգիներ, ժամանցի վայրեր, սպորտկոմպլեքսներ, աշխատատեղեր, և դրանք ունենալու համար հզոր մարդկանց օգնությունն է պետք, իսկ այդպիսիք կան: Հուսով եմ՝ ասածներս ճիշտ կընկալեք։