Այսօր կառավարության նիստում փակ ռեժիմով կքննարկվի համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը։ Հույս ունեմ՝ Ազգային ժողովի առաջիկա քառօրյայում համաներման նախագիծը կբերվի խորհրդարան եւ կվավերացվի։

Համաներում Հայաստանում վերջին անգամ հայտարարվել էր 2013 թվականին եւ վաղուց արդեն ժամանակն էր կրկին համաներում հայտարարելու։ Հայաստանի քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են, եւ քանիցս ես եւ իմ գործընկերները խնդիր ենք բարձրացրել վերանայել բազմաթիվ կալանավորների պատժաչափերը, քանիցս հարց ենք բարձրացրել, որ պետք է վերանայվեն նաեւ Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ եւ որոշ հանցատեսակների դեպքում ազատազրկումը պետք է փոխարինվի տուգանքով։ 

Անկեղծ ասած` ես չեմ հավատում որեւէ քրեակատարողական հիմնարկի դաստիարակչական ներուժին եւ չեմ հավատում, որ տարիների ազատազրկումը հետագայում կարող է խնդիրներ չստեղծել մարդու ինտեգրմանը հասարակությանը։ Եւ ի վերջո, մշտապես այցելելով քրեակատարողական հիմնարկներ՝ ես վստահաբար կարող եմ պնդել, որ բազմաթիվ դեպքերում այդ մարդիկ, լինելով ազատության մեջ, հաստատապես որեւէ հանրային վտանգ չեն ներկայացնելու, որովհետեւ ազատությունն այն ամենամեծ շանսն է, որ, տրվելով ազատազրկվածին, կարող է նրան վերաինտեգրել հասարակությանը։ 

Ես կարծում եմ, որ, որպես ԱԺ պատգամավոր, որ մշտապես բարձրացրել է համաներման խնդիրը, ես իմ խոստումը կատարեցի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել