Armenpress.am-ը գրում է.

Կառավարության որոշմամբ «Յունիբանկը» ներառվեց օպերատորների ցանկում, որոնք իրականացնում են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ: «Այժմ գործում է 9 օպերատոր, որոնց կողմից իրականացվում է 67 գործառույթ: Մենք ստացել ենք «Յունիբանկի» դիմումը, որն  ամբողջությամբ համապատասխանում է պահանջներին: Օպերատորների ցանկը կդառնա 10», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարի խոսքով՝ օպերատորների կողմից կմատուցվեն իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի և այլ ոլորտների ծառայություններ, այդ թվում՝ Ոստիկանության և Արտգործնախարարության կողմից մատուցվող ծառայություններ:

10 օպերատորները միասին Հայաստանում ունեն 130 գրասենյակ, և մարդը կարող է մտնել ցանկացած գրասենյակ և պահանջել, օրինակ, իր դատվածության մասին տեղեկանք:

«Մի շարք տեղեկանքներ, որ քաղաքացիները պետական մարմիններից են ստանում և բազմաթիվ հերթեր են գոյանում, հիմա կարող են ստանալ այս օպերատորներից՝ բանկերից և «Հայփոստից», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով տարբեր միջոցներով հանրությանն իրազեկել մատուցվող ծառայությունների մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել