Երեկվա օրը հագեցած էր իրադարձություններով, և Շարլ Ազնավուրի մահվան և ԱԺ ցրման հետ կապված բանակցությունների սկսման ֆոնի վրա աննկատ անցավ մի իրադարձություն, որը հեղափոխական իշխանությունը կուզենար թերևս շրջանցել։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը պաշտոնապես հրապարակեց օգոստոս ամսվա տնտեսական ակտիվության տվյալները, և պարզվեց, որ մինչ այդ տարվա սկզբից 9,3% ռեկորդային աճ արձանագրող տնտեսական ակտիվությունը անակընկալ ընկել է աննշան 0,6%-ի։ Երբ ուշադիր սկսում ես ուսումնասիրել, թե ինչպես կարող է այդպիսի բան տեղի ունենալ, պարզվում է, որ նման անկման հիմնական պատճառը գյուղատնտեսության -17% բացարձակ անկումն է նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։
Քանի որ ես անմիջականորեն ներգրավված եմ գյուղատնտեսության մեջ, և փոքր-ինչ պատկերացնում եմ պատճառա-հետևանքային կապերը, ենթադրություն եմ անում, որ այդպիսի հսկայական անկումը կարող է պայմանավորված լինել միայն մի բանով՝ ամառային երաշտի պայմաններում կառավարության կողմից Սևանից ջրի բացթողումները կանգնեցնելով, և արդյունքում բերքի հսկայակն կորուստով։ Շատերդ հիշում եք, թե Նիկոլը Փաշինյանը ինչպես իր հատուկ պատկերավոր ոճով հայտարարեց, որ "Սևանը ջրի տարա չի", և պետք է ուրիշ այլընտրանքներ փնտրել։ Քանի որ օգոստոս ամսին ուրիշ այլընտրանք գտնելը ֆանտաստիկայի ժանրից է, նույն Նիկոլը Փաշինյանը ստիպված եղավ երեք շաբաթ հետո մտնել Ազգային ժողով, ու թույլտվություն ստանալ Սևանից լրացուցիչ 40 մլն խմ ջուր ստանալու համար (ինչը միանգամից ստացավ)։
Սակայն մինչ Նիկոլ Փաշինյանը և իր հեղափոխական թիմը այդ ֆանտաստիկ այլընտրանք էր փնտրում, Հայաստանի գյուղացիական տնտեսությունները միասին մոտ 20 միլիարդ դրամի տնտեսական վնաս ստացան։ Մեր ընկերությունը կոնկրետ առնվազն 2 միլիոն դրամի վնաս է ստացել, և այն դեռ աճելու միտում ունի։ Մեր ընկերությունը սակայն բաժնետիրական ֆինանսավորում ունի, և այս տարի դեռ կդիմանա, իսկ ինչ պետք է անեն այն գյուղացիական տնտեսությունները, որոնք ճկռել են վարկերի տակ, և որոնց համար բերքի կորուստը դատավճռի է հավասար։ Պատահական չէ, որ շատ գյուղերում հիմա խլրտոց է ընկել, մարդիկ փակում են ճանապարհները, և պետությունից հատուցում են պահանջում, իսկ քաղաքաբնակներից շատերն էլ սրա հետևանքները տեսել են իրենց սպառման վրա՝ սննդամթերքի գների թանկացման տեսքով։
Այս իրավիճակից մեկ ամիս է անցել, և հիմա ջրանցքներում նորից երկու շաբաթ է ջուր չկա, մենք էլ մնացել ենք Աստծո ու իր ուղարկած անձրևի հույսին։ Կառավարությունը, դատելով իր պատասխանատուների հետ խոսակցություններից, չի պատկերացնում, թե ինչպես է պետք այս խնդիրը լուծել, համենայն դեպս դեռ որևէ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկել, իսկ մեր ջուրը շարունակում է հոսել Ադրբեջան, ու հարստացնել հակառակորդին։ Լուծումների մասին ես դեռ մի ամիս առաջ մանրամասն գրել էի, ու հիմա չեմ կրկնվի, բայց եթե այսպես է շարունակվելու, ստիպված ենք լինելու կասեցնելու մեր ծրագիրը, մեր հետ էլ գյուղատնտեսության մեջ ուրիշ բազմաթիվ ներդրողներ, որոնք չեն կարող գործել այսպիսի անորոշության պայմաններում։
Հասկանում եմ, որ այս պահին կարևորը ժողովրդի անկասելի կամքով Ազգային Ժողովը ցրելն է, ու իմ գրածը այդ ֆոնին տարօրինակ է հնչում։ Բայց եթե ժողովուրդը պետք է ձմեռը սովահար լինի, ում համար են այդ նոր ընտրությունները՞։ Հարցս հռետորական չի, և այն վերաբերվում է ոչ միայն այս խնդրին, այլև տնտեսության ոլորտում կուտակվող բազմաթիվ այլ խնդիրների, որոնք լուծում են պահանջում, բայց որոնք կարծես կառավարությանը առանձնապես չեն հետաքրքրում։ Եթե ինչ որ մեկը կառավարության ներկայացուցիչներից կամ համախոհներից հարցիս պատասխանը գիտի, թող չամաչի, արձագանքի գրառմանս, գոնե հասկանանք մեր գլխի գալիքը։