«Փարաջանովը` գեղեցիկի սիրահարը» միջազգային կինոնախագիծ հանդիսացող նոր գեղարվեստական ֆիլմի հայաստանյան պրեմիերան հավանաբար կկայանա ամռանը` «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում: Մեծանուն արվեստագետ Սերգեյ Փարաջանովի կյանքի վերջին 20 տարվա մասին ֆիլմ նկարահանելու մտահղացումը պատկանում է ուկրաինացի պրոդյուսեր և ռեժիսոր Ելենա Ֆետիսովային, որը սցենարի հեղինակն է, համառեժիսորը և համապրոդյուսերը:
Ֆրանսիական կողմից որպես համառեժիսոր հանդես է եկել Սերժ Ավետիքյանը (նա նաև գլխավոր դերակատարն է), գեղարվեստական ղեկավարը և կրեատիվ պրոդյուսերը Ռոման Բալայանն է, բեմադրող օպերատորը՝ Սերգեյ Միխալչուկը, բեմադրող նկարիչը՝ Վլադ Ռիժիկովը: Սերժ Ավետիքյանի կարծիքով` իրեն հաջողվել է ստանալ այն, ինչ ցանկացել է տեսնել` «Ամենակարեւորը կերպարը ճիշտ ներկայացնելու ձիրքն է եւ ներքին աշխարհը»: Ֆիլմի նկարահանումները մեկնարկել էին դեռ նախորդ տարվա մայիսի 1-ին Թբիլիսիում եւ ավարտվել հունիսի սկզբին Լվովում: «Փարաջանովը` գեղեցիկի սիրահար» -ի աշխարհագրությունն ընդգրկել է Վրաստանը, Ֆրանսիան, Ուկրաինան:



