A1plus.am-ը գրում է.
Երևանի ընտրություններից հետո ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արագացման ճնշումները մեծանալու են։ 80 տոկոսը Ն. Փաշինյանին տալիս է բարոյական իրավունք՝ պնդելու ամենասեղմ ժամկետներում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։ Մինչ վեճը գնում է «թույլ տա՞լ արագ արտահերթ ընտրություններ, թե՞ թույլ չտալ» տրամաբանության մեջ, մենք առաջարկում ենք խնդրին նայել այլ տեսանկյունից։ Առաջարկում ենք՝ դուրս գալ փաստարկների և հակափաստարկների, ցանկությունների և չկամության դաշտից և ուղղակի փորձել հասկանալ, թե ինչ ենք ստանալու արագ ընտրությունների արդյունքում։ Մոդելավորել այդ հնարավոր «նոր Հայաստանը»։
Նոր իրողություն առաջին
Ամենայն հավանականությամբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ստանալու է նույնքան ձայն, որքան Երևանի ընտրություններին՝ 80 և ավելի տոկոս։ Այս պահին չկա որևէ հակափաստարկ, թե ինչու պետք է այդ թիվը լինի ավելի փոքր։ Սա նշանակում է՝ միաձայն և միահեծան իշխանություն։ Սա նշանակում է՝ որևէ զսպող մեխանիզմի, որևէ հակակշռի բացակայություն։ Մենք ունենալու ենք փաստացի միակուսակցական կառավարություն և գրեթե միակուսակցական ԱԺ։ Կառավարությունը գործելու է այնպես, ինչպես ցանկանալու է, և ինքն է լինելու իր աշխատանքի գնահատողը։ Մոտավորապես նման իշխանություն էր փորձում ստանալ Սերժ Սարգսյանը կառավարման վերջին փուլում, երբ խորհրդարանը միայն դակում էր կառավարության ներկայացրած օրինագծերը, և որևէ ընդդիմադիր ուժ չէր կարողանում ազդել պրոցեսների վրա։
Նոր իրողություն երկրորդ
Միահեծան գործադիր և օրենսդիր իշխանության ձևավորումից հետո հակահեղափոխության գաղափարը վերջանում է։ Լայն զանգվածներին այլևս հնարավոր չի լինելու վախեցնել հակահեղափոխության ռևանշով։ Այլևս բոլոր ձախողումների, դժվարությունների, առկա և ծագող խնդիրների պատասխանատուն լինելու է նոր լիակատար իշխանությունը։ Մնացած բոլոր ուժերը և հրապարակային անհատները հայտնվելու են խորհրդարանից դուրս, և չլուծվող սոցիալական խնդիրներների ֆոնին կրկին աճելու է փողոցի լարվածությունը։ Բայց հիմա՝ ոչ թե հանուն, այլ ընդդեմ գործող իշխանության։
Նոր իրողություն երրորդ
Նոր իշխանությունը մնում է դեմ-հանդիման՝ Հայաստանի հին ու նոր մարտահրավերների հետ և կրում է լիակատար պատասխանատվություն՝ պետության և ժողովրդի առաջ։ Դա ահռելի պատմական պատասխանատվություն է, որն այս թիմի անդամները պետք է գիտակցեն։ Պետք է հիշել, որ 80 տոկոսանոց ընտրազանգվածն իրականում շատ բազմազան է՝ իր ակնկալիքներով, կարիքներով և նախընտրություններով, և նրանց միավորողն այս փուլում դրական փոփոխությունների հույսն է, շատ մեծ սպասումները։ Այսինքն՝ իրական հանրային ներկայացուցչական մարմնի դեր նոր խորհրդարանը օբյեկտիվորեն չի կարող կատարել, քանի դեռ այդ խոշոր ընտրազանգվածը չի ենթարկվել բնական սեգմենտացիայի։
Նոր իրողություն չորրորդ
Որպես հրատապ խորհրդարանական ընտրությունների հիմնական փաստարկ բերվում է տնտեսական գործոնը, այն է՝ քանի դեռ կա քաղաքական որոշակի անորոշություն, ներդրումներ ակնկալելն իրատեսական չէ։ Բայց շատ մեծ է հավանականությունը, որ հենց նման միաբևեռ իշխանության դեպքում ներդրողները սկսեն զգուշանալ, քանի որ գրեթե միակուսակցական խորհրդարանը և կառավարությունն արտաքին աշխարհի համար դժվար ընկալելի են։ Հայաստանում, ըստ էության, ամեն ինչ կախված է լինելու մեկ ուժից կամ անձից՝ առանց զսպող որևէ մեխանիզմի։ Ներդրողը քաղաքական նման համակարգի պարագայում կարող է զգուշանալ՝ վախենալով կանխատեսելիության պակասից։ Անկայուն աշխարհում ներդրողները չեն ուզում կախված լինել մեկ անձից, գործել մեկ անձի հետ պայմանավորվածությունների շրջանակում, որքան էլ այդ անձը մեծ քվե ունենա։ Ներդրողը նախընտրում է կայուն, հստակ գործող քաղաքական մեխանիզմներով ապահովագրված տնտեսական դաշտ, որն իրեն կտա իր ներդրումների ապահովության երկարատև երաշխիքներ։ Բացի այդ, տնտեսական բարեփոխումների շրջանակներում արվելիք քայլերը, անգամ ամենադրական ցանկությունների դեպքում, ևս կարող են վտանգվել, եթե չլինի առողջ, բազմակողմանի քննարկումային մթնոլորտ, և առանցքային որոշումները կայացվեն՝ առանց լսելու և հաշվի առնելու հնարավոր հակափաստարկները։ Ավելի պարզ. տնտեսական քաղաքականության մեջ լավ բան անելու ցանկությունը, առանց ընդդիմախոսության, կարող է հանգեցնել չափազանց վատ հետևանքների։ Լավ մղումով հնարավոր է ստանալ վատ արդյունք։ Տնտեսությունն ունի այդպիսի ծուղակներ։
Նոր իրողություն հինգերորդ
Եթե, այնուհանդերձ, որոշվի կյանքի կոչել անցումային արդարադատության ինստիտուտը, միահեծան իշխանության պարագայում, որտեղ չի լինելու զսպող որևէ մեխանիզմ, այդ մեքենան կարող է կորցնել որևէ արգելակ ու դառնալ ռեպրեսիվ համակարգ՝ունեզրկման և ունեցվածքի վերաբաշխման նպատակներով։
Նոր իրողություն վեցերորդ
Երբ կա ժողովրդի տոտալ քվեով ընտրված ԱԺ և կառավարություն, ապա միտինգներ կազմակերպելու իմաստը կորում է։ Հակահեղափոխության ուրվականի վերանալուն զուգահեռ՝ միտինգներում վերանում է հակահերոսի թեման։ Մնում է միայն աշխատել և տալ արդյունք, իսկ դա միտինգներում չի արվում։ Այսպիսով՝ արտահերթ արագ խորհրդարանական ընտրությունների ամենահավանական առաջին արդյունքներից մեկը կլինի հետհեղափոխական հանրահավաքների դադարեցումը և լայն զանգվածների՝ իրականություն վերադառնալու պրոցեսի սկիզբը։
Ամփոփում
Ընդդիմության փաստացի բացակայության և 80 տոկոսանոց հանրային աջակցության պարագայում պատասխանատվության հսկա ծավալի հարցը բոլորից շատ պետք է հետաքրքրի, իսկ ավելի ճիշտ՝ մտահոգի իշխանությանը։ Ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանությունը հիմա ամեն քայլով, ամեն րոպե կարող է նորանոր հաղթանակներ տոնել՝ ամենքի հանդեպ։ Վերջում կարող է հաղթանակ տոնել պետության հանդեպ։ Ցանկացած ճանապարհով գնալ արագ ընտրությունների՝ նշանակում է հաղթել և քաղաքականապես սպանել բոլոր քաղաքական ուժերին, վերցնել կատարյալ միանձնյա պատասխանատվություն պետության հանդեպ և իրենց վրա սևեռել 80 տոկոսի ահռելի սպասումները։ Շատ կարևոր է, որ հենց իշխանության մեջ, հենց Ն. Փաշինյանի ամենամերձավոր շրջապատում լինեն մարդիկ, որոնք կփորձեն հարցին նայել այս տեսանկյունից։