Հետաքրքիր էր վարչապետի ելույթը ՄԱԿ-ում, հատկապես՝ արցախա-ադրբեջանական հակամարտության մասով: Նախկինում հնչող ստանդարտ, հնացած և ոչ մի գործընթաց հօգուտ մեզ չխթանող տեքստերից հազիվ ազատվեցինք:
Ուշագրավ էր այն հարցադրումը, որ եթե «Ադրբեջանն ուզում է Արցախը միացնել իր տարածքին, ապա ինչո՞ւ է հրաժարվում բանակցել վերջինիս հետ, ուրեմն՝ նրանք ուզում են տարածքն առանց բնակչության»: Անչափ կարևոր էր նաև Նախիջևանի հարցի հիշատակումը: Սրանք մոտեցումներ էին, որոնք ստիպելու են Բաքվին մտածել:
Երկու կարևոր հանգամանք կարելի է առանձնացնել այս առումով.
1. Առկա գործընթացի տրամաբանության փոփոխություն, գործընթացի թելադրում. այնպես էր ստացվել, որ Ադրբեջանը միշտ հարձակվում էր, պահանջներ առաջ քաշում, ընդլայնում սեփական պահանջները, դրանց շրջանակն ու խորությունը, իսկ մենք գրեթե միշտ պատասխանողի դերում էինք: Հիմա՝ այս հարցադրումներից հետո, Ադրբեջանն է հայտնվելու պատասխանողի դերում:
2. Բաքվի քաղաքականության կանխարգելում. այս ընթացքը (նկատի ունեմ մեր կողմից հարցեր առաջ քաշելն ու ադրբեջանական ղեկավարներին պատասխանողի դերում մտցնելը) մեզ համար նոր նյուանսներ խաղարկելու կամ որոշ նյուանսներ շտկելու հնարավորություն կտա, ինչով էլ կսահմանափակվի ալիևյան ռեժիմի մանևրի և պահանջներ ձևակերպելու դաշտը:
Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա այն Ադրբեջանի թույլ կողմերից է, որը մեր դիվանագիտության համար լավ հարթակ է, իսկ հակառակորդի համար՝ Արցախի ճակատում գործելու հնարավորության սահմանափակում: