Մեծ հիասթափությամբ այսօրվա մամուլից տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից:
Այս մասին չէի արտահայտվի, եթե այս լուրը չտարածվեր մամուլում և չլիներ մեկ էական հանգամանք. Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը, նախաձեռնողը և «լոբբիստը» եղել եմ ես:
Պատճառն էլ ոչ թե եղել է այն, որ դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» է կամ «զարդ» (ինչպես կարող է թվացած լինել այն չեղարկելու որոշման հեղինակներին), ինչի կարիքը ով-ով, բայց Հենոն հաստատ չունի, այլ այն պարզ հանգամանքը, որ միջպետական ու միջազգային համաձայնագրերով ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիներն ազատված են շատ երկրներ մուտքի թույլտվություն` վիզա ստանալու պահանջից:
Հանդես գալով միջազգային գրանդ ակումբում, մասնակցելով միջազգային տարբեր մրցաշարերի, իր ակումբի հետ ուսումնամարզական հավաքների մեկնելով տարբեր երկրներ՝ Հենրիխ Մխիթարյանը ոչ թե ստիպված կլիներ ամեն անգամ իր սովորական անձնագիրը հատուկ փոստով ուղարկել Երևան կամ այլ քաղաքներ և անցնելով տևական գործընթաց՝ այդ երկրների վիզա ստանալ (ակումբակիցները նման անհրաժեշտություն չունեն, որովհետև ներկայացնում են Մեծ Բրիտանիան, ԵՄ կամ այլ երկրներ, որոնց քաղաքացիներն ազատված են շատ երկրների վիզա ստանալու պահանջից), այլ ամբողջությամբ կենտրոնանա իր խաղի ու արդյունքի վրա:
Իմ պատկերացմամբ՝ սա էլ մեր երկրի հնարավոր փոքրիկ տեխնիկական աջակցությունն էր մի հայի, ով Հայաստանն ու հայ ժողովրդին շատ ավելի ու շատ ավելի դրականորեն ճանաչելի է դարձրել ու շարունակում է դարձնել աշխարհում, քան մի քանի տասնյակ դիվանագետներ ու պաշտոնյաներ միասին վերցրած: