Հայաստանի Հանրապետության  ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի ուղեկցությամբ սեպտեմբերի 25-ին այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին: Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաեւ Բրեստում տեղադրված հայ հերոս զինվորների հիշատակին նվիրված խաչքարին ու հարգանքի տուրք մատուցել:

Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է. «Հայրենական պատերազմի առաջին օրերից տասնյակ հազարավոր հայ զինվորներ մեկնեցին ռազմաճակատ՝ պաշտպանելով մեր ընդհանուր հայրենիքը ֆաշիզմից: Վեց հարյուր հազար հայ զինվորներից ավելի քան երեք հարյուր հազարը ռազմաճակատից չվերադարձան: Նրանցից շատերը զոհվեցին Բելառուսի ազատագրման ժամանակ: Պաշտպանելով Բրեստը եւ Մինսկը՝ նրանք պաշտպանում էին նաեւ Երեւանն ու ողջ Հայաստանը: Հավերժ փառք նրանց հիշատակին»:

Նշենք, որ Բելառուսի ազատագրման «Բագրատիոն» ռազմական գործողության ղեկավարներից մեկը հռչակավոր հայ զորավար մարշալ Հովհաննես Բաղրամյանն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել