Նախընտրական արշավն ու ընտրություններն ավարտվեցին, Տարոն Մարգարյանը մտավ իր կաբինետը, ու բոլորը մոռացան նրա 8 միլիոնանոց կարողության մասին: Հիմա նույնիսկ շատերն ալարում են վերադառնալ էդ թեմային եւ օրինակ ասել, որ Բարաք Օբամայի ունեցած-չունեցածն այս պահին 1 միլիոն 800 հազար է:
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, մեկեն դադարեցին ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունները, եւ օրինակ հիմա այլեւս ոչ ոք չի հիշում, թե կողմերը ոնց էին իրար անխնա շշպռում, անգամ՝ անձնական վիրավորանքներ հասցնելու աստիճանի:
Հիմա էլ լրատվամիջոցները «թեժ գծի» սկզբունքով հանրության են փոխանցում ՀՀԿ-ՀՅԴ, ՀՀԿ-ՀԱԿ փոխհրաձգությունները: Ով՝ ում ինչպես պատասխանեց, ով՝ ում ոնց «սպանեց» ու «տապալեց» իր խոսքով...
Արանքում էլ Արգամիչը կողմերին հաշտության կոչ է անում:
Վաղը սա էլ է մոռացվելու, եւ շարունակելու ենք մի ուրիշ շոու- «շուլուխի» հետեւել:
Հո հենց այնպե՞ս չի ասում վարչապետը, որ առաջիկա 4-5 տարիներին ժողովուրդը վալելելու է կյանքը, իսկ իրենք շարունակելու են զբաղվել «նվիրական, տքնաջան աշխատանքով»:
Քաղաքական շոուն, որ մատուցվում է տարիներ շարունակ, բնականաբար էլի շարունակվելու է, ինչն էլ «վայելում» է ժողովուրդը: Շոուն հետաքրքիր է ու դիտարժան, ժողովուրդը նայում է ու հաջորդ պահին մոռանում, քանի որ ավելի թարմ ու հետաքրքիր շոու է սկսվում: Ու այսպես քարշ է տալիս իր դժգույն կյանքի օրերը:
Ի դեպ, կարծես թե հեռուստաընկերություններում էլ պակասել են շոու-ծրագրերը:
Երբ քաղաքական կյանքը վերածվել է համատարած շոուի, այլեւս իմաստ չունի նման ծրագրեր պատրաստել:
Կենդանի կատարումներն ավելի զվարճալի են: Վայելի՛ր, ժողովուրդ ջան, ջհանդամը, թե շան կյանքով ես ապրում...



