Ի դեպ, երբ հիմա շատերն ասում են՝ վայ, ո՞նց կլինի հարցերն ուզում են հանրահավաքներով լուծել, այդ շատերը մոռանում են մի քանի կարևոր բան, օրինակ, որ այսօրվա հայոց պետությունը ձևավորվել է հենց հանրահավաքներով ու հանրահավաքներում, որ երկու տարի տևած հանրահավաքային շարժումն է դարձել հայոց պետություն, որ այսօրվա հայոց բանակը նույնպես ձևավորվել է հանրահավաքային շարժման միջից, որ ջոկատներ, զենք և այլ հարցեր ի սկզբանե այդ շարժման մեջ են ձևավորվել, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակն ու հայկական Ղարաբաղը նույնպես հանրահավաքի արդյունք են, որ դրանք չէին լինի, եթե չլիներ ի սկզբանե հանրահավքային պայքարը:
Երբ նույն մարդիկ, ասում են՝ վայ, աման, բա պրոֆեսիոնալները, նրանք մոռանում են շատ բան:
Օրինակ՝ որ պրոֆեսիոնալները չեն ստեղծել այսօրվա անկախ Հայաստանը, որ պրոֆեսիոնալները չեն եղել այսօրվա հայոց բանակի ակունքներում, որ պրոֆեսիոնալները չեն դրել Ղարաբաղը Հայաստանին միանալու պահանջը, որ եթե պրոֆեսիոնալներին մնար, այդ ամենը կարող էր և չլինել կամ լիներ լրիվ այլ կերպ, որ ոչ մի պրոֆեսիոնալի համար 88 թվին Ղարաբաղի միացումը Հայաստանին իրատեսական չէր կարող թվալ: Դա հակասում է որևէ պրոֆեսիոնալ հաշվարկի:
Նույնը՝ Հայաստանի անկախությունը:
Իսկ բանակի մասին պրոֆեսիոնալները դեռ 90 թվին ասում էին․ «Խելքները հացի հետ են կերել, հայոց բանակ են ուզում ստեղծել»:
Ասում են՝ պատկերացնո՞ւմ եք՝ Ղարաբաղյան հարցի կարգավորումն ուզում է միտինգի հարց դնել:
Բա դիվանագիտությունը: Երևի դիվանագիտությամբ է Ղարաբաղն այսօր հայկական դարձել, այլ ոչ թե հանրահավաքներով սկսած Ղարաբաղյան շարժման ու հայկական բանակով:
Բա մի հատ արձան դնենք էդ թույն դիվանագետներին:
Սրանով ամենևին էլ չեմ ժխտում պրոֆեսիոնալների դերն ու ավանդը նաև մեր պետության կայացման գործում. և՛ բանակում, և՛ ընդհանրապես նրանք էլ մեծ դեր են խաղացել: Պարզապես պետք է հիշել, որ կյանքը միաբևեռ չէ:
Իրենց տեղն ունեն և՛ պրոֆեսիոնալները, և՛ «սիրողները»: Եվ ամեն մեկն իրեն բնորոշ առքելությունն է կատարում:
Միայն սիրողներով չես կառուցի պետություն, բայց միայն պրոֆեսիոնալներով՝ նույնպես:
Դառնալով հանրահավաքների հարցին:
Գուցե Ռուսաստանում կամ նման մի երկրում հանրահավաքն էզոտիկա է, բայց Հայաստանում հանրահավաքը մեր ուրույն հայկական քաղաքական մշակույթի ոչ միայն մասն է, այլև հիմքը:
Սա հայկական ազգային ավանդույթ է այլևս: Դա պարտավոր չեն հասկանալ ռուսական կամ այլ օտարազգի փոձագետները, բայց դա պարտավոր են հասկանալ հայերը, հայերեն մտածողները, հայկական փորձից ելնողները:
Ուղիղ ժողովրդավարությունը Հայաստանում (ի տարբերություն, իմիջիայլոց, ներկայացուցչականի) ոչ թե ներմուծովի, վերացական գաղափար է, այլ մեր ուրույն հայկական քաղաքական փորձի ձևակերպում, մեր ազգային հայկականը:
Մի անգամ էլ՝ անկախության տոնը շնորհավոր: