Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը համարում է, որ Կառավարության ծրագիրը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու ժամանակ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի՝ իրեն ուղղված խոսքը հերթական անգամ ապացուցեց, որ իր ելույթը հաջողված էր և տեղին:
«Գիտական աշխարհում գիտնականների վարկանիշերը ուսումնասիրելու և որոշելու համար օգտագործում են հիշատակման ցուցանիշեր, ինդեքսներ, կարծում եմ՝ այդ տեսակետից նույնպես օբյեկտիվորեն պետք է շեշտեմ, որ պարոն Հովհաննիսյանը, ցիտելով և հիշատակելով իմ համեստ անձի այսօրվա ելույթը, ընդգծեց, որ ես հիշատակվող և ընդգծվող քաղաքական գործիչների շարքում եմ»,-Tert.am-ին ասաց նա:
Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանն այսօր Արմեն Աշոտյանին, նրա հարևանությամբ նստած արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրել էր, որ եթե նրանք իրենց առանձին թեկնածությունը դնեն, և իրենց չպաշտպանի ՀՀԿ-ն, Հովիկ Աբրահամյանը, թաղային կրիմինալն ու հայկական բանակը, նրանք քանի՞ ձայն կստանան։ «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ դուք ինքներդ կարտագաղթեք»,- ասել էր նա:
Իսկ մինչ այդ ԿԳ նախարարը ի գիտություն ՀՅԴ պատգամավորների քննադատությունների, թե զգում են ՀՀԿ-ի մոտալուտ անկումը, նշել էր, թե հույս չունենան։ «Մենք լավ ենք սերտել Առաջին Հանրապետության դասերը և ձեր դափնիներին չենք հավակնում»,- ասել էր նա:
Մեզ հետ զրույցում Արմեն Աշոտյանը հավելեց, որ Հովհաննիսյանն ապացուցեց, որ ինքն ինչ ասել է, տեղին է ասել:



