Եթե հիշում եք, պետբյուջեի ֆինանսավորմամբ 2012թ. Հայաստան էր ներկրվել 2 շարժական զուգարան, որոնցից մեկը տեղադրվել էր Տաթեւի ճոպանուղու մոտ, մյուսը` Երեւանի Սբ. Գր. Լուսավորիչ եկեղեցու մերձակայքում: Այդ զուգարանները բավականին թանկ էին, ընդհանուր առմամբ արժեին 124 մլն դրամ (մոտ 340 հազ. դոլար, կամ յուրաքանչյուր զուգարանը` 170 հազ. դոլար):
Այդ թանկարժեք զուգարանների ձեռքբերման փաստը հասարակական շրջանակներում մեծ դժգոհություն էր առաջ բերել, հատկապես հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների ֆոնին այդ գնումը համարվում էր չափից դուրս մեծ շռայլություն. երկիրն ու բնակչությունը հազար ու մի հոգսեր, առաջնահերթ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ ունեն, իսկ կառավարությունը փողերը ծախսում է ոչ այնքան էական հարցի վրա, որի արդյունավետությունը չի երեւում:
Հիմա արդեն կառավարությունն է խոստովանում, որ ծախսը եղել է անարդյունավետ: Արմավիրցիները նախօրեին վարչապետին ասել են` 540 հազար դոլարը (գյուղացիները կամ վարչապետը գումարի չափը սխալ են նշել, պետք է լինի 340 հազար դոլար) ավելի լավ էր տայիք մեզ…գնացել ի՞նչ ծրագիր եք իրականացնում:
Գյուղացիները երիցս ճիշտ են, այդ գումարով քանի՞ հակակարկտային կայան ձեռք կբերվեր, որոնց բացակայության պատճառով արմավիրցիները օրերս հսկայական վնասներ կրեցին: Ըստ որոշ հաշվումների՝ 340 հազար դոլարով կգնվեր 17 հակակարկտային կայան՝ յուրաքանչյուրը մոտ 20 հազար դոլարով: Իսկ այս հարցը ո՞վ պետք է լուծեր. իհարկե, կառավարությունը: Չի լուծել, թանկարժեք ու ճոխ զուգարանները, այն էլ չաշխատող, գերադասել է գյուղացիներին օդ ու ջրի պես անհրաժեշտ հակակարկտային կայաններից, այսօր էլ ստիպված է խոստովանել, որ զուգարանների ծախսը անարդյունավետ էր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/456941534400431
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել