Փաշինյանն ի սկզբանե շատ լավ պատկերացնում էր, որ մի բան է ժողովրդին ականջահաճո ելույթներ ունենալը, մեկ այլ բան է իրական քայլերով ժողովրդի համակրանքին արժանանալը: Առաջինն ավելի հեշտ տրվողներից է. լեզուն ճարտար է, փառք Աստծո, նախորդների կողմից թողած ժառանգությունից ավելի պարարտ հող հնարավոր չէ պատկերացնել: Գործը մի փոքր բարդացավ հեղափոխությունից հետո, երբ արդեն նախորդն իշխանություն չէ:
Փաշինյանն իր հռետորաբանությունը շարունակելու համար փաստացի ձեռնունայն մնաց, երբ նախորդ իշխանությունն հեղափոխությունից հետո ամենաառաջին ընտրությանը նույնիսկ չմասնակցեց (վստահ եմ՝ ՀՀԿ-ի կողմից լավ մտածված քայլ): Մինչդեռ նյութ է պետք հանրությանը սնելու, չէ՞ որ գործ չի արվում և հնարավոր էլ չէ․ իշխանության բեռն է այդպիսին:
Արդյունքում ստեղծվում և տարբեր մարմնացումներ է ստանում մտացածին թշնամին՝ հակահեղափոխականն ու հակահեղափոխականությունը:
Այս գործիքն էլ շուտով կսպառի իրեն, հատկապես երբ արդեն կան Փաշինյանին սատարող ուժերի կողմից արվող բացահայտ քննադատությունները: