Այսինքն՝ երկրորդ նախագահը հետապնդվում է այն պատճառով, որ, որպես երկրի նախագահ, վերականգնել է սահմանադրական կարգը՝ կանգնեցնելով այն ուժերի առաջընթացը, որոնք մի քանի տարվա ընթացքում փոշիացրել էին երկրի ամբողջ ռազմա-արդյունաբերական համալիրը, քայքայել ամբողջ տնտեսությունը, ասպարեզից հեռացրել բոլոր հայրենասեր ու վեհանձն մարդկանց, կնքել մի խայտառակ զինադադար, որին կարող էր գնալ միայն պարտված կողմը․․․
Այսինքն՝ հստակ գաղափարախոսություն է պարտադրվում երկրի քաղաքացիներին, որոնք այդ հակազգային մտահղացումն ընկալում են հրճվանքով՝ անհեթեթորեն իրենց երևակայելով որպես հայրենասեր ու ազգափրկիչ հեղափոխականներ։
Եվ այդ գաղափարախոսությունն ասում է, որ վատ է այն նախագահը, որը, լինելով պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարը պատերազմի տարիներին, կարողացավ բեկում մտցնել այն պահին, երբ շատերն արդեն հավաքել էին ճամպրուկները և պատրաստվում էին հեռանալ երկրից, որն ավելացրել է երկրի բյուջեն ութ անգամ, որի տնտեսական քաղաքականության արդյունքում աշխուժացել էր երկրի տնտեսական կյանքը։
Այդ գաղափարախոսությունը նաև ասում է, որ լավ է այն նախագահը, որը ոչնչացրեց երկրի տնտեսությունը, լավ է այն նախագահը, որը չկարողացավ զարգացնել նախկինի հաջողությունը և ութ անգամի փոխարեն գոնե երկու անգամ ավելացնել բյուջեն, որն անզոր եղավ ապահովել բանակային կարգապահությունն ու մարտունակությունը, որի արդյունքում երկրի պաշտպանական համակարգն անզոր գտնվեց ապրիլյան ներխուժման ժամանակ․․․
Եվ եթե երկրի քաղաքացիները կուլ են գնում այդ հակապետական քարոզչությանը, նշանակում է, որ այդ մարդկանց համար երկիրն այլևս հայրենիք չէ, նրանք զուրկ են հայրենիքի զգացողությունից, որին էլ հենց ձգտում են այդ գաղափարախոսությունը ներմուծող ուժերը։