Yerevan Today կայքի խմբագրությունում այսօր տեղի ունեցած խուզարկությունը, ինչքան էլ դա փորձեն հիմնավորել նրանով, որ առնչվում է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության գաղտնաձայնագրման հետ կապված հարուցված քրեական գործին, մտահոգությունների տեղիք է տալիս բոլոր ԶԼՄ-ներին։ Նույն կերպ կարող են մտնել յուրաքանչյուր խմբագրություն, խաթարել աշխատանքը և փաստացի խոչընդոտներ ստեղծել լրատվական գործունեության իրականացման համար։

2016-ին Analitik.am-ի խմբագրությունում ՀՔԾ-ն խուզարկություն կատարեց, առգրավվեցին քննվող շինծու գործի հետ ոչ մի կերպ կապ չունեցող ՎՏԲ բանկի լիազորությունների դադարեցման պահանջի ստորագրահավաքի թղթերը։ Այսինքն՝ այդ խուզարկության նպատակը ոչ թե քննվող կեղծ քրեական գործի հետ կապված նյութերի հայտնաբերումն ու ճշտումն էր, այլ ՎՏԲ-ին առնչվող ստորագրահավաքին մասնակցած անձանց մասին տվյալների ձեռքբերումը, որը որևէ առնչություն չուներ այդ կեղծ գործին։ Ունենալով ԶԼՄ-ի նկատմամբ դրսևորած ամենաբիրտ ճնշման դառը փորձը՝ կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին, ԶԼՄ-ներին ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը և որևէ կերպ թույլ չտալ, որ քրեական գործի քննության շրջանակներում կատարվեն մամուլի ազատությունը խոչընդոտող քայլեր։ Yerevan Today-ում կատարված խուզարկության նկատմամբ անուշադիր կամ ոչ համարժեք արձագանքը կարող է հանգեցնել նրան, որ վտանգված լինի ոչ իշխանահաճո բոլոր ԶԼՄ-ների և լրագրողների գործունեությունը։ Սա այն հարցն է, որում բոլոր պրոֆեսիոնալ ԶԼՄ-ները պետք է միակարծիք լինեն և համախմբված՝ անկախ քաղաքական հայացքներից և միմյանց նկատմամբ ունեցած սիմպատիաներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել