Iravunk.com-ը գրում է.
Yerevan today լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Ուսումնասիրվել են ինչպես հարցին առնչվող հրապարակումները, այնպես էլ լրատվամիջոցի պարզաբանումը: Ի գիտություն է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որեւէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է լրատվամիջոցի խմբագրությունում իրականացված խուզարկությանը, անկախ այդ առնչությամբ պետական մարմնի հրապարակային հայտարարությունից, քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ ՆՈՒՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ: