Ռուսների դարդը, բնականաբար, ո՛չ Քոչարյանն է, ո՛չ Նիկոլը, ոչ էլ Ալիևը (որը վերջերս նույնպես լծվել է Հայաստանում նոր բռնապետության դեմ պայքարի իրեն հասու միջոցներով): Ռուսների խնդիրը շատ նորմալ խնդիր է: Նորմալ մեծ տերության համար, ոչ թե մարդկայնորեն նորմալ: Իրենք այս տարածաշրջանի ճանաչված «մեծն են», դե, կամ մեծերի մեջ առաջինը:
1. Տարածաշրջանի երկրներից մեկում իշխանություն է փոխվել, լրիվ նոր՝ անհայտ ու անհասկանալի (ռուսների համար) մարդիկ եկել են իշխանության:
Ռուսներն, ուրեմն, պիտի
ա. Փորձեն, թե նորերն ինչ տղերք են, ինչքանի տղերք են, սահմանները շոշափեն, ուժն ու վախը չափեն: Նորմալ ինիցիացիայի գործթընաց է՝ հին, ավանդական, քարե դարից եկող:
բ. Պիտի, բնականաբար, փորձեն, օգտվելով վիճակից, հնարավորինս բան պոկել, ազդեցությունը լայնացնել, ներքին վեճերը բզբզալով, թեժացնելով, Ալիևին էլ էն կողմից խաղի մեջ մտնել թույլ տալով:
Թե ինչ կլինի հետո՝ կախված է արդեն էս երկու պարզ գործողությունների արդյունքից:
Ինչ-որ տեսական հնարավոր սցենարում կարող են և ավելի լուրջ բաներ լինել, իհարկե:
Լուրջ բանը երկու հատ է՝
ա. զինված գործողություն երկրի ներսում,
բ. զինված գործողություն ճակատում:
Բայց սա ասում եմ ինչ-որ մի տեսական սցենարում, եթե առաջին երկու կետերում լինեն լուրջ առիթներ:
Իսկ միջինում կշարունակեն բզբզալ, երկու ձեռքով խաղալ, ինչքան կկարողանան: Նիկոլին էնտեղ հույսեր կտան, թե պրոբլեմ չկա, Ռոբենց ստեղ կտան, թե՝ ձեր մեջքին ենք, արխային, Ալիևին էլ՝ մյուս կողմից, թե՝ ախպեր, դու էլ բզբզա, տես՝ ինչ կլինի:
2. Նախկինում ռուսները չէին կարողանում այսպես ակտիվ միջամտել, որովհետև թեև շատ անկատար ու փչացած, բայց կար հայաստանյան քաղաքական համակարգ, որը վերահսկելի էր իշխանության կողմից: Այդ համակարգում վերահսկիչ փաթեթը ստեղի իշխանության ձեռքում էր, բայց արտաքին ուժերն էլ իրենց փայն ունեին (առանց դրա Հայաստանում չի լինի): Այդ համակարգը փլուզվեց, ու հիմա նրա մի մասը, Քոչարյանի շուրջ համախմբվելով, կամա թե ակամա, դրսի ուժերի վրա հենվելով է փորձում խաղալ, ռուսների, բայց եթե ստացվի, նաև՝ մյուսների էլ կուզենան: Քոչարյանի հիմնական քաղաքական ուղերձը հենց սա է՝ ռուսներին կբերեմ: Ռուսների հետ ուզում եք փչացնել, ռուսներ, հասեք, սրանք «գալուբոյ են»: Առանց էմոցիայի սա փաստենք, որպես տեխնիկական դետալ:
3. Այս վիճակից դուրս գալը ստրատեգիական մակարդակում պետք է ունենա մեկ լուծում․ պետք է նոր, ավելի ամուր, քան նախկինում, քաղաքական դաշտ ձևավորի, որի վերահսկիչ փաթեթը Հայաստանում կլինի:
Շատերը մտածում են, այդ թվում՝ իշխանության ներսում: Ոչինչ, հեսա ընտրությունները կլինեն, ամեն բան ինքն իրանով տեղը կընկնի: Չի ընկնի: Քաղաքական դաշտն ինքն իրանով չի ձևավորում: Ազատ շուկան այստեղ անզոր է: Ավելի ճիշտ՝ զորեղ է, իհարկե, բայց ինչպես և մյուս ոլորտներում, ինքն իրենով նա կարող է ստեղծել միայն շատ փողի, ջունգլիներում ուժեղի հաղթանակի իրավիճակ:
Ինքն իրանով ձևավորվելիք քաղաքական դաշտն ընկնելու է տեղական հարուստների և դրսի հզորների վերահսկողության տակ, ինչպես, օրինակ, էսօրվա ԶԼՄ դաշտն է: Դե էլի ազատ շուկա, ազատ մեդիա: Բաբոյի հեքիաթներ:
Խնդիրը պետք է դրվի, որպեսզի լուծում ստանա: Մի քանի տարում։ Իսկ իրականում պետք է փորձել ավելի շուտ, որ արագ պետք է դրվի հայաստանակենտրոն նոր քաղաքական դաշտի ձևավորման խնդիրը: