Որպես հայ եկեղեցուն մոտ կանգնած անձ և գերմանահայ համայնքի ներքաղաքական զարգացումներին ուշադիր հետևող՝ ցավով բարձրաձայնում եմ մի արտառոց երևույթ և սպասում հարցի լուծմանը:
2012թ. մայիսի 31-ին Գերմանահայոց Առաջնորդարանում ճոխ ընդունելություն կազմակերպվեց Գերմանիայում Թուրքիայի լիազոր դեսպան Հուսեին Ավին Կարսլիօղլու (Hüseyin Avni Karslioglu) և նրան ուղեկցող թուրքական պատվիրակության պատվին: Բազմաթիվ գերմանահայեր հրապարակային կամ առանձին նամակներով բողոքի ու բացատրության պահանջով դիմեցին առաջնորդարան:
Առաջնորդարանը այդ նամակներին ու հրատարակված հոդվածներին չարձագանքեց:
Հայ եկեղեցում թուրք հայատյաց դեսպանի (նախկինում Թուրքիայի դեսպանը Բաքվում) ընդունելությունը ու դրանից անմիջապես 3-4 օր հետո Գերմանահայոց առաջնորդի՝ Թուրքիա մեկնելու խորհրդավոր այցը Գերմանահայ Առաջնորդարանի կողմից այդպես էլ գերմանահայ համայնքներում որևէ բացատրության չարժանացան:
Հինգ ամիս ապարդյուն բացատրության սպասելուց հետո, 2012-ի հոկտեմբերին, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) վարչությունը, անսալով հարցին հետևողականորեն հետևելու իր բազմաթիվ անդամների հորդորներին, քննադատական խիստ նամակ ուղարկեց առաջնորդարան, կրկնօրինակը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, նույնպես պահաջ դնելով տալ կատարվածին բացատրություն:
Դրան հաջորդեց անմիջապես նոյեմբերին ուղարկված Առաջնորդարանի նամակը, որով վերջինս կտրեց բոլոր տեսակի կապերը Գերմանահայոց կենտրոնական խորհրդի հետ՝ դրանով լուծարելով նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Առաջնորդարանի 8 տարի գործող համատեղ կոմիտեն:
ԳԿԽ-ին բոյկոտելը հետևեց համայնքային կյանքի բոլոր բնագավառներում, որտեղ հնարավոր էր:
Այնուհետև սոցիալական ցանցերում և համայնքներում եղան Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նկատմամբ անպարկեշտ հարձակումներ՝ հարցը բուն էությունից շեղելու և այն ամբողջությամբ անձնավորելու ու այլ դաշտ տեղափոխելու ձգտումներով:
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչությունը զսպվածություն դրսևորեց այդ ամենի նկատմամբ` հավատալով, որ բարձրաստիճան հոգևորականների՝ Գարեգին արք. Բեկճյանի, Սերովբե վրդ. Իսախանյանի, ինչպես նաև առաջնորդարանի ղեկավարության անխոհեմ քայլերին առայժմ չպատասխանելը նրանց ողջախոհության կբերի:
Սխալ հաշվարկ էր:
Առաջնորդարանը դրանից հետո գնաց ավելի հանդուգն ու խայտառակ քայլի, որոշեց խանգարել Ֆրանկֆուրտի հայտնի Պաուլսկիրխեում արդեն 15 տարուց ավելի ավանդաբար անցկացվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպվող կենտրոնական ծրագրին՝ նպատակ ունենալով այս չափազանց կարևոր ու դժվարին միջոցառման հարցում թե՛ կազմակերպչական և թե՛ ֆինանսական հարցերում միայնակ թողնել ԳԿԽ-ին՝ հուսալով, որ քննադատող կազմակերպությունը կարող է ձախողվել այդ պատասխանատու գործում, որը, բնականաբար, ԳԿԽ-ի վարչության դեմ կհաներ շատ համայնքայինների և կհեշտացներ նրան մեկուսացնելը, ու կարագացներ եկեղեցականների կողմից քարոզվող ավելի մեղմ վարչության ընտրությունը:
Կամ էլ մեզ` համայնքայիններիս համար ԳԿԽ-ի նկատմամբ կիրառվող այս անզիջում բոյկոտում կան ավելի անհայտ նպատակներ, որոնք կարող են լինել համայնքում աշխարհիկ կառույցներին թուլացնելու և այլ պատճառներ:
Առաջնորդարանը անպատասխան թողեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության հրավերը՝ 2013թ. ապրիլի 24-ի կենտրոնական ծրագրին հոգեհանգստի ավանդական արարողություն կատարելու համար:
Հրավերն ուղարկելուց մի քանի օր անց Սերովբե վրդ. Իսախանյանը ընդհանուր ժողովներից մեկում հայտարարեց, որ իրենք հրաժարվում են այդ օրը Պաուլսկիրխեում հոգեհանգիստ կատարելուց, որից հետո Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչությունը դիմեց կաթողիկոսին` խնդրելով հոգևորական տրամադրել Գերմանիայում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեծ ծրագրին:
Կաթողիկոսարանը 3 շաբաթ անց պատասխանեց, որ այդ հարցով պետք է դիմել Գերմանահայոց Առաջնորդարանին:
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության մյուս փորձերը` հայ հոգևորական հրավիրել Ֆրանսիայից կամ Ավստրիայից, հաջողություն չբերեցին:
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչությունը ստիպված եղավ հրավիրել Վիեննայի Մխիթարյան միաբաններին, որոնք սիրով համաձայնվեցին մասնակցել:
Ֆրանկֆուրտի միջոցառման մասին 2.500 հայտագիր տպագրվեց և ուղարկվեց Գերմանիայի, Շվեյցարիայի ու Ավստրիայի ամենատարբեր հաստատություններին, անհատ գործիչներին և իհարկե հայերին, մոտ 15.000 էլեկտրոնային հասցեներով տեղեկացվեց այդ մասին, որտեղ նշված էր նաև Մխիթարյան միաբանների կողմից հոգեհանգստի արարողության կատարման հանգամանքը:
Հայտագրերի և հայտարարության տարածմանը հաջորդած օրերին Մխիթարյանները ցավ ի սրտի հայտարարեցին, որ չեն կարող մասնակցել այդ ծրագրին, քանի որ չեն ցանկանում խնդիրներ ունենալ Հայ Առաքելական եկեղեցու հետ, որը հարգվեց ԳԿԽ-ի կողմից:
Այսինքն՝ Գերմանահայոց Առաջնորդարանը ոչ միայն բոյկոտեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ապրիլի 24-ի ծրագիրը, այլ նաև ամեն միջոցով խանգարեց այդ ծրագրին հոգեհանգիստ կազմակերպելու հարցին…
Դեպքը աննախադեպ է ու չափազանց արտառոց:
Մինչև հիմա ապրիլի 24-ի ծրագրերին փորձել են խանգարել միայն թուրք պետությունն ու թուրքական համայնքը:
Այսօր բացահայտ փաստով արձանագրվեց, որ Գերմանահայոց Առաջնորդարանը միացավ այդ հակահայկական գործին:
Փաստը մնալու է փաստ՝ անկախ որևէ արդարացումից: Ֆրանկֆուրտի ծրագրի մոտ 800 մասնակիցներ այդպես էլ չլսեցին հայ հոգևորականի աղոթքը իրենց ցեղասպանված ազգակիցների հիշատակին:
Ծրագրի կազմակերպիչներին մնում էր միայն հրավիրել քույր եկեղեցիների հոգևորականներին: Ասորի համայնքի ղեկավարները իրենց բարեկամական ձեռքը մեկնեցին, և ասորի հոգևորականը իր սարկավագներով մասնակցեց միջոցառմանը, անվճար կատարեց հոգեհանգստի արարողություն հայ անմեղ զոհերի հիշատակին:
Ովքե՞ր են կանգնած այդ խայտառակության հետևում, և ինչքա՞ն կշարունակվի այս թշնամությունը հայ հոգևոր կառույցի ղեկավարների կողմից, կարելի է միայն որոշակի եզրակացություններ անել՝ առանց պնդելու, որ դա վերջնականապես հաստատված կարծիք է:
Գերմանահայոց կենտրոնական խորհրդին բոյկոտելով, որը Գերմանիայում ներկայացնում է 12 հայկական միություններ, համայնքներ և հարյուրավոր անհատներ, հայ բարձրաստիճան հոգևորականները բոյկոտում են գերմանահայ համայնքի մի հսկա զանգվածին, որը անընդունելի պահվածք է Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների նկատմամբ, մանավանդ որ, հոգևորականներն այս համայնքից են իրենց աշխատավարձը ստանում և ապրում են այս համայնքի հաշվին:
Ի տարբերություն հայ հոգևորականների ու առաջնորդարանի գրասենյակի՝ համայնքային մյուս բոլոր աշխատողները աշխատում են անվճար և ազգային իդեալների թելադրանքով: Ինչպես ժամանակին հանգանակության հանեցին Կոմիտասի դաշնամուրը, էդպես էլ հիմա հանգանակության են հանում 1.500.000 հայի արյունը:
Մնում է հուսալ, որ Մայր Աթոռը կքննարկի այս աննախադեպ անամոթությունը և պատասխանատվության կկանչի հայ բարձրաստիճան հոգևորականներին:
Արա Դանիելյան
Հայ եկեղեցու նվիրատու