Փաստորեն, Նախախորհրդարանը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել երկրի ղեկավարման համար, թեև նախապես հայտարարում է, որ ընտրությունների միջոցով անհնար է գալ իշխանության և չի մասնակցում ընտրություններին: Այսինքն՝ իրենք անզոր են վերահսկել և թույլ չտալ ընտրախախտումներ... Սա արդեն իսկ բացթողում է, քանզի եթե քաղաքական ուժը հնարավորություն չունի վերահսկել ընտրությունների ընթացքը, որի համար անհամեմատ ավելի քիչ ուժեր են պետք, քան մի այլ միջոցով իշխանության գալու համար, դրանով իսկ վկայում է կառավարության անսահմանափակ «հնարավորության» մասին, և ակամա խոստովանություն, որ իշխանությունը ոչ մի կերպ հնարավոր չէ խլել ներկա իշխողներից: Բազմաթիվ հնարներ կան ներկա պաշտոնյաներին օտարելու կառավարությունից, բայց դրանք բոլորն էլ հանգում են երկու հնարավորությունների` կամ ընտրությունների միջոցով, կամ անհնազանդության, որը կարող է վերաճել զինված բախումների... Զինված բախումը գրեթե բացառվում է (իսկ եթե չի բացառվում, ապա մենք բացառենք, քանզի դրա հետևանքները կարող են անուղղելի լինել), և դա վկայում է այն մասին, որ ամեն դեպքում մենք այսօր ունենք կառավարություն, որը կարող է պաշտպանել ինքն իրեն, և դա ցանկացած իշխանության հպարտությունն է, և ինքն իրեն պաշտպանելու այդ հնարավորությունը ժառանգելու են հաջորդ իշխանությունները, անկախ նրանից, թե ինչպես են գալու իշխանության... Մի երկու տարի է մնացել խորհրդարանական ընտրություններին, և մինչ այդ, չեմ կարծում` Նախախորհրդարանին կհաջողվի այլ ճանապարհով հասնել իշխանության` իրագործելու իր պատկերացրած օրինական ու արդար պետության ստեղծումը... Մանավանդ, նման մոտեցումներ որդեգրելով՝ մենք արժեզրկում ենք պետության, օրինականության գաղափարը, երբ խոսում ենք այլ ճանապարհների մասին, բայց միևնույն ժամանակ ուզում ենք հավաստիացնել, որ պայքարում ենք արդար պետություն ստեղծելու համար... Ուրեմն, ճիշտ կլինի հենց այսօրվանից, եթե չենք ուշացել, ձեռնամուխ լինել պատրաստվելու այդ ընտրություններին, եթե վստահ ենք մեր ուժերին, չենք կասկածում, որ գալով իշխանության` նախկինների նման չենք տրվի գայթակղությանը և իսկապես կստեղծենք ամեն մի քաղաքացու երազած պետությունը՝ միաժամանակ հիշելով, որ նույնիսկ ամենալավ կառավարությունը միշտ ունենում է թշնամիներ... Բայց քանի որ մարդիկ միշտ սիրում են հակադրվել` իրենց խորամտությունը ի ցույց դնելու համար, ուստի նրանք կարող են փորձել այդ այլ ճանապարհը, փորձել` ինչ իրենք համարում են ճիշտ, բայց զուգահեռ պատրաստվել խորհրդարանական ընտրություններին և հաղթել` դա էլ մեր կարծիքով միակ իրական ճանապարհն է` միակ նպատակային և արդյունավետ ճանապարհը... Իսկ դրա համար ընդամենը պետք է գոնե այնքան նվիրյալներ ունենալ, որոնք մի քանի հազար դոլարը չեն գերադասի կեղծիքներից, որքան տեղամասային հանձնաժողով կա, և զուտ կազմակերպչական և բավական ծավալուն աշխատանքներ մինչ ընտրությունները... Իսկ մինչ այդ պարզապես պետք է լինել ժողովրդի կողքին բոլոր անօրինական ու անարդար հարցերի արդարացի լուծման համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել