Armtimes.com-ը գրում է.

Ոստիկանության աշխատակիցները հերթական «ռեյդ-զինաթափում» օպերացիան են իրականացրել: Գործողությունը տեղի է ունեցել Պռոշյան փողոցում: Ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ  ծառայություն իրականացնող աշխատակիցները նկատել են ընթացող ավտոշարասյուն, կանգնեցրել եւ զգուշացրել, որ դադարեցնեն նման երթեւեկությունը: Ոստիկանությունից, սակայն, այլ մանրամասներ չփոխանցեցին:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ ավտոմեքենաներում գտնվող անձիք հայտնի դեմքեր կամ օլիգարխների թիկնազորների անդամներ չեն եղել: Մեզ չհաջողվեց պարզել՝ նշյալ անձանց մոտ զենք-զինամթերք եղե՞լ է, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի սեպտեմբերի 11-ի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել:  «Ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել: Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների եւ արդյունքների մասին»,- մասնավորապես, ասել էր նա:

Վարչապետի այս հանձնարարականից հետո ոստիկանության ծառայողները ասֆալտին «փռեցին» ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորին, գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին եւ «Սիգարոն»-ի սեփականատեր Սիմոն Պողոսյանի թիկնազորի անդամներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել