Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը: Վերջինս` որպես վարչապետ, իր առաջին պաշտոնական այցն էր կատարում Հայաստան: Նշենք, որ ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցը եղել է հենց Վրաստան: Թերևս վերոնշյալից ակնհայտ է դառնում, որ հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը երկուստեք բավական մեծ կարևորություն է տրվում: Չնայած այն հանգամանքին, որ Բախտաձեն առաջին պաշտոնական այցով օգոստոսի 30-ին մեկնել էր Բաքու, այնուամենայնիվ, հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ թե այցերի հաջորդականությանը, այլ բովանդակությանն ու արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Եթե դիտարկենք ՀՀ արտաքին քաղաքականության վրացական ուղղությունը, որը մշտապես համարվել է առաջնահերթություն, ապա չի կարելի հաշվի չնստել այն հանգամանքի հետ, որ երկու երկրների փոխգործակցության ներուժը շարունակում է մնալ ոչ լիովին իրացված: Եվ այս համատեքստում, անդրադառնալով երկկողմ առևտրաշրջանառության ծավալին, որը կազմում է 400 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները համակարծիք են, որ այդ ցուցանիշը բավարար չէ, և առկա է մեծ ներուժ` ավելի բարձր արդյունքներ գրանցելու համար: Մամուկա Բախտաձեն նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առևտրաշրջանառության ծավալը 1 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու համար և առաջարկել է ՀՀ վարչապետին տնտեսական թիմերի առջև խնդիր դնել՝ այդ ճանապարհին առկա խոչընդոտները վերհանելու և դրված նշաձողին հասնելու համար:

Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, ընդգծել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը` տարածաշրջանի անվտանգության և խաղաղության ապահովման համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ, որոնք, նրանց կարծիքով, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ապրանքաշրջանառության աճին և կայունության ապահովմանը: Հայ-վրացական հումանիտար կապերի սերտացման համատեքստում կառավարությունների ղեկավարներ Փաշինյանը և Բախտաձեն կարևորել են շարունակական փոխգործակցությունը մշակութային, կրթական կապերի ամրապնդման, երիտասարդների միջև փոխճանաչելիության բարձրացման ուղղությամբ:

Կողմերն ընդգծել են նաև միջազգային կառույցներում ներգրավվածության և արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ միմյանց կենսական շահերի հստակ գիտակցմամբ ու հարգմամբ, մի հանգամանք, որ տևական ժամանակ երկկողմ հարաբերություններում որոշակի սառնության պատճառ էր դարձել:

Տարիներ շարունակ կուտակված մի շարք խնդիրների` փոխվստահության, ջավախահայության խնդիրների, միջազգային հարթակներում միմյանց դեմ քվեարկությունների և այլնի մասին կողմերը պետական մակարդակով խուսափում էին հրապարակային բարձրաձայնել: Նման մոտեցման արդյունքում, սակայն, հանրության մոտ առկա հարցերը պահպանվում էին, իսկ տարբեր խնդիրներ շարունակում էին ստվերել երկկողմ հարաբերությունները: 
Փաշինյանի այցը Վրաստան, այնուհետև Բախտաձեի այցը Հայաստան կարելի է հայ-վրացական դարավոր հարաբերությունների նոր փուլի սկիզբ համարել, ինչպես նաև հայ-վրացական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու հնարավարություն:

Թերևս կարելի է որոշակիորեն հաղթահարված համարել կողմերի միջև առկա, սակայն չբարձրաձայնվող փոխվստահության խնդիրը, որն ուներ ինչպես օբյեկտիվ (օրինակ՝ ՀՀ-ՌԴ ռազմավարական դաշնակցություն, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ակտիվ փոխգործակցություն և այլն, այնպես էլ սուբյեկտիվ հիմքեր (օրինակ՝ կարծրատիպեր): Այս ամենը բանաձևված հնչեց արդեն ՀՀ վարչապետի ելույթում, որտեղ մասնավորապես ասվում էր. «Վրաստանում ես մեր հարաբերությունների նոր բանաձև առաջարկեցի, որի էությունը հետևյալն է. Վրաստանը, վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործողություններում և մտադրություններում չկա որևէ դավադրություն, նեգատիվ մտադրություն, որևէ սպառնալիք, և հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը պետք է վստահ լինեն, որ Վրաստանի և վրաց ժողովրդի գործողություններում ու մտադրություններում չկա որևէ դավադրություն, որևէ սպառնալիք և վատ մտադրություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ, Բախտաձեն էլ իր հերթին պատասխան ելույթում փաստեց. «Կարծում եմ, որ այն հարաբերությունները, որ դարերի ընթացքում ձևավորվել են մեր երկու պետությունների միջև, իսկապես կարևոր են․ չէ՞ որ մենք նոր էջից չենք սկսում մեր պատմությունը. դա բազմադարյա պատմություն է, որը զարգացնելու ենք»: Հստակ կարելի է փաստել, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարներն էլ փոխվստահության մթնոլորտ ստեղծելուն ընդառաջ են գնում:

Այսպիսով, եթե փորձենք ամփոփել վարչապետ Բախտաձեի այցը Հայաստան, ընդհանուր առմամբ այն կարելի է գնահատել հաջողված՝ վրացական կողմի հետ փոխադարձ վստահության և գործընկերային մթնոլորտի հաստատման, կուտակված խնդիրներին անդրադառնալու տեսանկյունից:

#Georgia #Armenia

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել