Tert.am-ը գրում է.

2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ առաջնագիծը նոսրացած չի եղել, առաջնագծում ընթացել է սովորական մարտական աշխատանք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ով «Մարտի 1-ի» դեպքերի ժամանակ եղել է Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ:

«Ես՝ որպես օպերատիվ վարչության պետ, նաև պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման համար: Տվյալ դեպքերի ժամանակ առաջնագծի անմիջական գործողություններն այդ դեպքերի հետ պետք չէ կապել»,- ասաց նա:

Արտակ Դավթյանի տվյալներով՝ անմիջապես 2008 թ. մարտի 1-ից հետո՝ մարտի 5-ին, Արցախի Հանրապետության հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել: Հայկական կողմն այդ ժամանակ ունեցել է 2 վիրավոր, իսկ հակառակորդը՝ 10-12 զոհ:

«Սա՝ կապված մարտի 1-ի օրերի հետ, բայց սա մի քիչ վիճելի հարց է, որովհետև 2014-2015 թթ. մենք ունեցել ենք 80-ից ավելի նման գործողություն սահմանում:

Հիմա ինչի՞ հետ կապենք այդ 80 գործողությունները»,- նշեց ԳՇ պետը:

Հարցին, թե «Մարտի 1-ին» բանակը կրակել է բնակարանների ուղղությամբ, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Բանակը չի կրակել բնակարանների ուղղությամբ, եթե կրակել է՝ կրակել են անհատ ինչ-որ զինծառայողներ, որոնք ունեն  ազգանուններ, որոնց տակ կանգնած են անհատ մարդիկ»:

Ճշտող հարցին, թե կրակելու հրաման եղե՞լ է, ԳՇ պետը հայտնեց. «Նման հրաման չի եղել»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Դավթաշեն վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին հայտարարել էր. «Ռոբերտ Քոչարյանը 2008 թ. հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է, բերել և սեփական ժողովրդին օկուպացրել է, և դա ապացուցված է: Եվ այդ ընթացքում մեր երեխեքին խրամատներում փոխող չի եղել, նրանք, որ պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար: Մեր սահմանը եղել է անպաշտպան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել