Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

«Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Կարծում եմ՝ բոլորիս հիշողության մեջ վառ են այն էմոցիաները, որոնք Դուք պարգևել եք մեր ժողովրդին մարզական ակտիվ կարիերայի ընթացքում՝ «Բարի կամքի խաղեր»-ի, Եվրոպայի առաջնությունների և, իհարկե, Ծաղկաձորում տեղի ունեցած պատմական թռիչքի ժամանակ: Հույս ունենք, որ Հայաստանում թեթև աթլետիկայի ավանդույթները կվերականգնվեն, և առաջիկայում Ձեր մասնակցությամբ, աջակցությամբ և քաջալերանքով նոր հաջողություններ կունենանք», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ռոբերտ Էմմիյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և հավելել. «Բոլորիս շնորհավորում եմ այս հիանալի հաղթանակի կապակցությամբ, մեծ ուրախություն է, որ հանրապետությունում այսպիսի տրամադրություն է: Հաճելի է ամեն անգամ գալ Հայաստան, ինձ համար չափից ավելի մեծ ուրախություն է, որ հիշեցիք իմ ռեկորդները»:

Անվանի հեռացատկորդը տեղեկացրել է, որ երկար տարիներ բնակվելով արտերկրում՝ շարունակում է պահպանել Հայաստանի քաղաքացիությունը, աջակցել հայ մարզիկներին մասնակցելու ուսումնամարզական հավաքների և միջազգային տարբեր մրցաշարերի:

Այնուհետև քննարկվել են մեր երկրում աթլետիկա մարզաձևի զարգացման հեռանկարներին, միջազգային չափանիշներին համապատասխան սինթետիկ ծածկույթով վազքուղու կառուցման գործընթացին և մարզաձևի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել