Այսօր պաշտոնական այցով Երևան կժամանի Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն, ով կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի ու խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ:
Հայաստան-Վրաստան քաղաքական և տնտեսական հարաբերությունների լուրջ վերլուծությունը բերում է այն եզրահանգման, որ Վրաստանն աստիճանաբար վերածվում է թուրք-ադրբեջանական տանդեմի ուղեծրում գտնվող, Աբխազիայի ու Հվ. Օսիայի խնդիրների պատճառով հակառուսական, վառ արևմտամետ` ԵՄ, ՆԱՏՕ ձգտող երկրի, ինչը հայ-վրացական սահմանը Հարավային Կովկասում լուրջ պատերազմական գործողությունների պարագայում կարող է վերածել «բաժանարար գծի», ինչը չի կարելի ոչ մի պարագայում թույլ տալ։
Վրաստանի հայամետությունը, ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունները` հիմնված խորը տնտեսական ինտեգրացիայի, քաղաքական երկխոսության վրա, Երևանի համար պետք է դառնան ռազմավարական առաջնահերթություն։
Վրաստանի ակտիվ ներգրավվումը դաշինքի հետ սերտ ռազմա-քաղաքական համագործակցության մեջ, Վազիանում ՆԱՏՕ-ի կենտրոնի ստեղծումը, վրաց-ամերիկյան զորավարժությունները Վրաստանում՝ ՀՀ-ի ու ՌԴ-ի սահմանակից շրջաններում, հանգեցնելու են ՌԴ-ի պատասխան արձագանքին: ՌԴ-ի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարվում է Մոսկվայի համար ռազմական սպառնալիք՝ դրանից բխող համապատասխան քայլերով:
Հարավային Կովկասում ՌԴ-ի միակ ռազմա-քաղաքական դաշնակիցը ՀՀ-ն է, ում տարածքում Մոսկվան ռազմական ներկայություն ունի, և ռուսական կողմը փորձելու է ՀՀ-ի շնորհիվ ավելացնել իր ռազմական ներկայությունն այդ տարածաշրջանում, ինչպես նաև, Աբխազիայի ու Հարավային Օսիայի գործոններն ուժեղացնելով, թույլ չտալ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Մոսկվան երբեք թույլ չի տա դաշինքի սահմանների ընդլայնումը մինչև իր անհանգիստ ու ռազմավարական առումով գերկարևոր Հյուսիսային Կովկաս:
ՌԴ-ն ուժեղացնելու է Աբխազիայում գտնվող իր ռազմակայանը ՀՕՊ ուժերով՝ նորագույն զինատեսակներով, ինչպես նաև ծովային բաղադրիչը՝ Օչամչիրայի ռազմաբազայում տեղակայելով լրացուցիչ ուժեր՝ սուզանավեր, ռազմանավեր, ինչը թույլ կտա իրականացնել Վրաստանի սևծովյան ափի վերահսկողությունն ու ծովային բլոկադան:
Ղրիմում գտնվող ուժերի մի մասն այդ պահին կարող են հասնել օգնության: Մյուս կողմից՝ Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Հարավային Օսիայում նույնպես գտնվում են ռուսական զորքեր, վրաց-հարավօսական և աբխազա-վրացական սահմանները հսկում են ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը:
ՀՀ-ն՝ որպես ՌԴ-ի դաշնակից ու ՀԱՊԿ-ի անդամ, պետք է հնարավորինս զերծ մնա Հարավային Կովկասում նոր բաժանարար, կարմիր գծերի առաջացումից՝ ՌԴ-ՆԱՏՕ բախումից, սակայն դա կլինի բավականին դժվար՝ հաշվի առնելով նաև ՌԴ-ՀՀ միասնական ՀՕՊ համակարգն ու Մոսկվայի հնարավոր ցանկությունը՝ զորքեր տեղակայել նաև հայ-վրացական սահմանին:
ՀԱՊԿ-ՆԱՏՕ նոր բաժանարար գծերի առաջացումը կարող է հանգեցնել նրան, որ հայ-վրացական հարաբերությունները սկսեն կրել ոչ թե ռազմավարական, բարիդրացիական բնույթ, այլ ՀՀ-ն իր հյուսիսում ունենա մի նոր (հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի առկայությունը) հակառակորդ երկիր, ինչի մասին երազում են Անկարայում ու Բաքվում՝ խզել հայ-վրացական բարեկամական կապերն ու Վրաստանը մաս դարձնել թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ռազմավարությանը Հարավային Կովկասում:
Երևանը պետք է Վրաստանի հետ իրականացնի նոր, էներգետիկ-տրանսպորտային, խոշոր տնտեսական համատեղ նախագծեր, Թբիլիսիին ցույց տա, որ չի դառնալու հակավրացական պլացդարմ Հարավային Կովկասում, ու Թբիլիսին չպետք է զգուշանա, թե հարավից հարված կստանա, սակայն դա պետք է արվի այնպես, որ Վրաստանը հավաստիացնի, երաշխիքներ տա, որ ղարաբաղյան նոր պատերազմի պարագայում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում (սահմանակից է ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին) Երևանը հարված չի ստանա, Թբիլիսին կկարողանա վերահսկել այդ շրջանի ադրբեջանցիներին, ինչպես նաև Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթծով թուրքական զորքեր, ռազմամթերք չի տեղափոխվի ղարաբաղյան ճակատ: